Հոլիվուդի և ամերիկյան հեռուստատեսության ավելի քան 160.000 դերասաններ միացել են սցենարիստների արդեն 2 ամիս շարունակվող գործադուլին: Ուրբաթ օրվանից նրանք դադարեցրել են նկարահանումները, ինչպես նաև չեն մասնակցի գովազդային քարոզարշավներին և պրեմիերաներին։
Կինոդերասանների գիլդիայի և Հեռուստատեսության ու ռադիոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիայի (SAG-AFTRA) արհմիությունը գործադուլն անվանել է «վերջին քայլը» կինոստուդիաների հետ բանակցությունների ձախողումից հետո: Դրանք տևել են 12 օր և վերաբերել են բարձր աշխատավարձերի ու ֆիլմերի ստեղծման ժամանակ արհեստական բանականության օգտագործման սահմանափակումների պահանջներին:
Աշխատավարձի շուրջ բանակցություններն առաջին հերթին վերաբերում են երկրորդական դերերի դերասաներին և զանգվածային տեսարաններում նկարահանվողներին: Հոլիվուդյան աստղերի հետ պայմանագրերը կնքվում են հատուկ պայմաններով, սակայն նրանցից շատերը հայտարարել են գործադուլին իրենց մասնակցության մասին՝ ելնելով գործընկերների հետ համերաշխությունից։
Գործադուլի պատճառով հուլիսի 14-ից կինոստուդիաները կդադարեցնեն «Գլադիատոր 2»-ի և «Մորտալ Կոմբատ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումները: Հնարավոր է նաև, որ հետաձգվի «Էմմի» մրցանակաբաշխությունը: