«Ուկրաինան չի հրաժարվում ռուսական օբյեկտներին հարվածներ հասցնելու փորձերից, բայց ռուսական ՀՕՊ միջոցներն արդյունավետ են աշխատում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այսպես է նա մեկնաբանել ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի անկումը Կուրչատովում, որը Կուրսկի ատոմակայանից մի քանի կիլոմետր է հեռու:
Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ տուժածներ չկան, կրիտիկական նշանակության օբյեկտները չեն վնասվել:
Հուլիսի 13-ին էլ պայթուցիկներով ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկու անգամ հարձակվել են Բելգորոդի շրջանի վրա: Սկզբում հարվածի տակ է հայտնվել Դեմիդովկա գյուղը, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռու։ Անօդաչուն այնտեղ մեկ պայթուցիկ սարք է նետել։ Երկրորդ անօդաչուն երկու պայթուցիկ է նետել Վոլոկոնովի շրջանի Ստարի Խուտորի վրա: Բելգորոդի երկու բնակավայրերի վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, ավերածություններ նույնպես չեն գրանցվել:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնում են, որ թեժ մարտերը շարունակվում են հիմնականում 5 ուղղությամբ՝ Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի։ Գլխավոր շտաբի տվյալով՝ երեկ շուրջ 30 բախում է գրանցվել, ռուսական ուժերն օդային, հրետանային և ականանետային հարձակումներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։
Կառույցից հայտնել են, որ ռուսական հարվածների պատճառով Բախմուտի ուղղությամբ տուժել է ավելի քան 15 բնակավայր։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Բախմուտում ուկրաինական ուժերն առաջընթաց ունեն: