Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջության, կրթության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում:
Անդրադառնալով կրթական միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը ներկայացրել է նախադպրոցական և դպրոցական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև գործող կրթական հաստատությունների վերազինման ընթացիկ և նախատեսվող աշխատանքները՝ կարևորելով Հիմնադրամի հետ համագործակցությունը կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երեխաների իրավունքներին առնչվող ներկայումս ընթացող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ՝ ընդգծելով դրանց մշակման աշխատանքներում ձևավորված համագործակցության կարևորությունը։
Փոխվարչապետ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով դրա արդյունքում այնտեղ ապրող շուրջ 30.000 երեխաների համար ստեղծված ծանրագույն հետևանքներին:
Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է կազմակերպության՝ Լեռային Ղարաբաղում առավել գործուն ներգրավվածության ունենալու կարևորությունը՝ իր մանդատին և առաքելությանը համապատասխան բոլոր երեխաների իրավունքները պաշտպանելու և առավել խոցելի իրավիճակում հայտնված երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու նպատակով:
Քրիստինե Վայգանդը, իր հերթին, բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հետ երեխաների իրավունքների ամրապնդմանը միտված արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով դրա շարունակականության վերաբերյալ՝ երկկողմ գործակցության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխան: