Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտից մեկնարկել է հանրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրներն ու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Հանրահավաքին մասնակցել են նաև նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Որոշ ելույթներ եղել են անգլերեն և ռուսերեն՝ հանրահավաքի ուղերձը աշխարհին հասկանալի դարձնելու համար: Մասնակիցները հայտարարել են, որ չեն զիջելու Լեռնային Ղարաբաղը, ու այնտեղ ապրելը համարել ոչ միայն իրավունք, այլև պարտականություն: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հանրահավաքները շարունակական են լինելու:
Գուրգեն Ներսիսյան (ԼՂ պետական նախարար) - Ձեր աչքի առաջ Արցախի ժողովուրդն անցել է ծանրագույն խնդիրների միջով, և հիմա այդ խնդիրները ստացել են առավել սուր ու խորացված պատկեր, որն արդեն անհանդուրժելի է, հետևաբար, Արցախի ժողովրդի անունից խնդրում և պահանջում ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունների կատարումը, ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ ընթացքը: Ստեղծեք Արցախում մարդկանց նորմալ կենսամակարդակն ապահովելու պայմաններ: Արցախում վիճակը ծանր է և ավելի է ծանրանում ժամ առ ժամ: Օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ: Արցախի 30 հազար երեխաները չեն կարող լինել որևէ հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն :է
Հանրահավաքի մասնակիցները Ստեփանակերտից երթով հասել են օդանավակայան՝ ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր: Ցուցարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ խաղաղապահներից պահանջելով բացել կյանքի ճանապարհը, ապա նրանց պատվիրակությունը հանդիպել է խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: Հանդիպումից հետո պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հավաքին մասնակցող Ասկերանի բնակիչները կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի հանրահավաքը։
Հեղինակ՝ Անի Օհանյան