Հուլիսի 14-ին պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և դրական դինամիկայի պահպանման նպատակով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը: Ընդգծվել է մինչ օրս բազմակողմ հարթակներում անմիջական շփումների ինտենսիվությունը, ինչպես նաև երկու երկրերի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման նշականությունը:
Արարատ Միրզոյանը և Ժուաու Կռավինյուն քննարկել են հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Նշվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի աշխուժացման, ներդրումային ծրագրերի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակվել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև բազմակողմ օրակարգին առնչվող հարցերը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում առկա փոխգործակցությանը:
Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերին: Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգային և մարդասիրական լուրջ մարտահրավերները:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավելի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:
Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:
Նախօրեին ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ևս քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերին, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը: Ընդգծվել է վերջինիս կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունության ամրապնդման գործում: