Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վանկուվերում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանին կարևոր որոշումներ են ընդունվել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասով: Այդ մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ տեղեկացնելով, որ վեհաժողովը հաստատել է տարեկան փաստաթուղթ, որը կոչվում է Վանկուվերի հռչակագիր:
«Այս փաստաթուղթը ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք ուղղություններով բանաձևեր, այսինքն՝ քաղաքական և անվտանգային հարցերին վերաբերող, տնտեսական, բնապահպանական հարցերին վերաբերող ու մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ լրացուցիչ բանաձևեր:
Հայաստանի պատվիրակությունը քաղաքական հարցերով բանաձևում և հումանիտար հարցերով բանաձևում առաջարկներ է ներկայացրել, և վեհաժողովը այդ հարցերն ամբողջությամբ ընդունել է: Մասնավորապես, վերաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ բացել Լաչինի միջանցքը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ողջունում է և հորդորում է շարունակել բանակցությունները, նաև ողջունում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությունը խաղաղության բանակցություններում»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ նաև հումանիտար այլ հարցերի է անդրադարձել, ինչպես՝ գերիների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում և այլն:
Սարգիս Խանդանյանը նաև հիշեցրեց, որ հումանիտար հանձնաժողովի բանաձևում կա պարբերություն, որը կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժի համար: