Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում
Անդրեասանը հիշեցրել է, որ այս նպատակով վարչապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կատարել է վերլուծական աշխատանքներ: Արդյունքում առանձնացվել է 6 հիմնական ուղղություն, որոնցով ենթադրվում է, որ պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները:
Ժաննա Անդրեասյան - Դրանք են՝ դասական ուղղությունը` այսպես կոչված «դասական համալսարանը», որը պետք է ներառի հիմնականում հիմնարար գիտությունները հասարակական և հումանիտար բնագավառներում: Այս փուլում չի նախատեսվում դրա տեղակայումն Ակադեմիական քաղաքում: Երկրորդը բժշկական ուղղությունն է` բժշկական և կյանքի գիտությունների բնագավառները ներառող: Սա էլ ենթադրում ենք, որ այս պահին Ակադեմիական քաղաք տեղափոխվելու կարիք չունի:
Վերջին 4 ուղղություններն այն բուհերն են, որոնց տեղակայումը նախատեսվում է Ակադեմիական քաղաքում, հայտնեց նախարարը: Ակադեմիական քաղաքը պետք է բավարարի այն պահանջներին, որ դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որտեղ բուհական կրթությունը հետազոտության հետ անբաժանելի կլինի:
Ժաննա Անդրեասյան - Նախատեսվում է այնտեղ ունենալ նաև ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառման առևտրայնացման հնարավորություններ: Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ, ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը:
Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման և հետագա գործառնության համար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ, կլինի նաև առանձին օրենսդրական կարգավորում:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի կարևորությունը և հավելել, որ այն ունի ռազմավարական նշանակություն: Միաժամանակ վարչապետը նշել է, որ նախագծային աշխատանքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել քաղաքի հետագա զարգացման, ընդլայնման հնարավորությունները, նախատեսել ուսուցման գործնական փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, կանաչ տարածքներն ու այլ կարևորագույն խնդիրներ:
Երկրի ղեկավարը hանձնարարել է վերջնական տեսքի բերել նախագիծն ու ներկայացնել Կառավարության հաստատմանը:
Հեղինակ` Անի Օհանյան