ՆԳՆ-ն հուլիսի 13-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նախագիծ ներկայացրեց, համաձայն որի՝ նախատեսում է լրացում կատարել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և միտված է վարչապետի համապատասխան որոշման շրջանակում համալիր կերպով կարգավորել միջազգային ատյաններում, հատկապես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավոր ներկայացուցչի ընտրության հետ կապված ընթացակարգն ու թեկնածուին ներկայացվող պահանջները։
«Վարչապետի որոշմամբ՝ նաև հնարավոր կլինի ձևավորել հանձնաժողով։ Հանձնաժողովը կկազմակերպի երկփուլ մրցութային գործընթաց»,- ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում 1-ին դատավորը պաշտոնավարել է 2003-2014 թվականներին, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետն արդեն մոտենում է ավարտին։
«Ավարտը դեկտեմբերին է, մինչ այդ պետք է կարողանանք համալիր կերպով մրցութային գործընթացն ապահովել»,- ասաց նա։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց՝ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի վարչապետի որոշմամբ կարգավորել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները:
«Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն 9 տարի է` համաձայն կոնվենցիայի, և արդեն հաջորդ տարվա սեպտեմբերին դատավորի ժամկետը (պաշտոնավարման - խմբ.) մոտենում է ավարտին, և մինչև սույն թվականի դեկտեմբերի ավարտը ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի թեկնածուների՝ 3 հոգուց բաղկացած ցուցակ, որը հետո արդեն, ըստ ներքին կանոնակարգերի և կոնվենցիայի, պետք է անցնի ընտրության հերթական փուլերը»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: