Մեր կառավարության և՛ 2018, և՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում արժեթղթերի շուկայի զարգացմանը և ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ ճանապարհին քայլեր ենք արել՝ օրենսդրական որոշ փոփոխություններ: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության նախորդ նիստում մենք որոշում կայացրինք, որ աջակցություն կցուցաբերենք այն ընկերություններին, որոնք կգնան ցուցակման, բաց բաժնետիրացման, այսինքն՝ բաժնետոմսեր և պարտատոմսեր բորսայում թողարկելու ճանապարհով: Երբ որ ընկերություններն իրենց որոշակի մասնաբաժինը բորսայում հանում են վաճառքի, այսինքն՝ հնարավորություն են տալիս, որպեսզի քաղաքացիները, կազմակերպությունները կա՛մ պարտատոմսեր ձեռք բերեն, կա՛մ բաժնետոմսեր ձեռք բերեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ աջակցության որոշակի մեխանիզմ է ստեղծվել: «Մասնավորապես, պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամը, մենք օժանդություն ենք տրամադրում ընկերություններին մի կետով, պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով 1-ին 3 տարիների համար, բայց ոչ ավել, քան 45 մլն դրամի օժանդակություն՝ շրջանառության յուրաքանչյուր 12 ամսի համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար, միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ 1-ին տարվա ծախսերի մինչև 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելումն նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները: Ահա, ցուցակման գնացող ընկերությունների համար Կառավարության նախորդ նիստում այսպիսի օժանդակության փաթեթ էինք ընդունել»,- ասաց նա:
«2018 թվականի և հետագա մեր քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցնում այն, որ արժեթղթերի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլև մարդկանց սոցիալական և տնտեսական ակտիվության և սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ կդառնա»,- նշեց Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը և Ֆինանսների նախարարությունը կապիտալ շուկայի զարգացման մեջ էական դեր են խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումը էական ազդեցություն են ունենում և շուկա է ձևավորում: «Նույն վարկանշային կազմակերպություններն ուղղորդվում են սուվերեն վարկանիշով և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: «Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և մենք ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրում կատարել պետական գանձապետական պարտատոմսերով դրամով գնանշված»,- ասաց նա: