Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության` հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 15-ին նախատեսված հանդիպմանը: Նրա խոսքով՝ որևէ հետևություն անելու համար վաղ է։ «Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հասանովի խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերության բարձր մակարդակը կարևոր դեր է խաղում ոչ միայն Ադրբեջանի և Իսրայելի զարգացման, այլև ամբողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Կողմերն ընդգծել են ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման և անվտանգության ոլորտում կապերի ընդլայնման կարևորությունը։
ԼԱՎՐՈՎԸ ՎԱՆ ԻԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ
Ջակարտայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի վարիչ Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող նախարարական միջոցառումների շրջանակում։ Մտքեր են փախոնակվել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում խաղաղ բանակցային գործընթաց սկսելու միջազգային հանրության ջանքերը։ Դիվանագետները բարձր են գնահատել համաշխարհային համակարգում աճող տուրբուլենտության ֆոնին Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության և գործակցության զարգացումը: Հաստատվել է համագործակցության շարունակության կարևորությունը երկու երկրների միջև արտաքին քաղաքական փոխգործակցության խորացման համար:
ՄՈԴԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆԸ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնել հակամարտությանը։ Մոդին հիշեցրել է, որ վերջերս մի քանի անգամ խոսել է Պուտինի և Զելենսկու հետ։ Հնդկաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ բոլոր երկրները պարտավոր են հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պահպանել միջազգային իրավունքը։ Նա նաև նշել է, որ անհանգստացնող է ուկրաինական հակամարտության ազդեցությունն ամբողջ աշխարհի վրա: