Հայ և ադրբեջանցի անկախ փորձագետները Եվրամիությունից աջակցություն ստացող LINKS Europe կազմակերպության նախաձեռնությամբ հերթական հանդիպումն են անցկացրել: Հուլիսի 4-ին և 5-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում քննարկվել են Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Քաղաքագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ մտքեր են փոխանակվել նաև նախորդ տարի պատրաստված «30 քայլ խաղաղության համար» զեկույցի վերաբերյալ, որի շրջանակում համաձայնություն կա նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդների միջև շփումներին:
Ջոնի Մելիքյան (փորձագիտական խմբի անդամ, քաղաքագետ) - Ամռանը տեղի կունենա երիտասարդ գիտնականների ամառային դպրոց՝ երեք երկրների ներկայացուցիչների՝ տարածաշրջանի, Վրաստանի տարածքում:
Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև «Հարավային Կովկաս և Եվրոպական միություն. հասցեագրելով մարտահրավերները և գնահատելով հնարավորությունները» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելը, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: Ելույթում դեսպանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, նշել՝ այն նպաստում է տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը։
Տիգրան Բալայան (Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Մենք այն կարծիքին ենք, որ ԵՄ միջնորդությունը պետք է ամրապնդվի ձեռք բերված համաձայնությունների կատարման դիտարկման մեխանիզմներով և միջազգային իրավունքի հարգմամբ, իսկ համաձայնությունների խախտման դեպքում պետք է լինեն հետևանքներ: Ցավոք, մենք բազմիցս դրան ականատես ենք եղել. համաձայնագրերը չեն հարգվի, քանի դեռ պարզ չէ, թե ինչ է հաջորդելու դրանց խախտմանը:
Դեսպանի ելույթին հաջորդած քննարկման ընթացքում Ադրբեջանը ներկայացնող հատուկ հանձնարարություններով դեսպան Էլշադ Իսկանդերովը հրաժարվել է հրապարակավ ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչն արձանագրել են համաժողովի մասնակիցները:
Ջոնի Մելիքյան - Այդպիսի մոտեցումը միշտ բարդացնում է պրոցեսը և հերթական անգամ, կարելի է ասել, դատելով որոշ արձագանքներից, որոնք տեղ են գտել ադրբեջանական մամուլում, իրենք հերթական անգամ փորձել են հերթական հարթակն օգտագործել իրենց պետական պրոպագանդայի տարածման համար:
Չնայած բանակցային տարբեր հարթակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի ներառմանը, փորձագիտական հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, չկա նաև Լաչինի միջանցքի շրջափակում: Ջոնի Մելիքյանն ընդգծում է՝ այս պայմաններում դեռ վաղ է խոսել, թե նման ձևաչափը կարող է խաղաղությանն ուղղված որևէ մեծ հարց լուծել:
Ջոնի Մելիքյան - Տեսնելով ապակառուցողական քայլերը Բաքվից, հայտարարությունները, որոնք նաև պարբերաբար այսպիսի քննարկումների ընթացքում թե՛ դիվանագետների, թե՛ որոշ փորձագետների կողմից ևս վերարտադրվում են, չէի ասի, որ օգտակար է, և ինչը ստեղծում է հավելյալ լարվածություն:
Մելիքյանի խոսքով՝ այսպիսի հանդիպումները, այնուամենայնիվ, հնարավորություն են եվրոպացի գործընկերների համար սեփական աչքով տեսնել, թե որ կողմի տրամադրվածությունն է ապակառուցողական:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան