Միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Այդ մասին հուլիսի 13-ի Կառավարության նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը 2 ուղղություններով:
«Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա: Սա կարևոր նրբություն է:
Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը, հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլևս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները ԼՂ-ի հայերի համար նույնն են, ինչ 2022-ի փետրվարին: Հետևաբար դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նկատեց, որ, այդուամենայնիվ, դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան:
«...Որովհետև եթե փետրվարին Ադրբեջանի Կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով, և հետևաբար Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի Կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար»,- ասաց նա: