Կան ԼՂ-ից Հայաստանում սովորող ուսանողներ, որոնք շաբաթ-կիրակի օրերին մեկնել էին իրենց ընտանիքներին տեսության, բայց Լաչինի միջանցքի փակվելուց հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք նրանց ուսման գործընթացը այս ամբողջ ընթացքում կազմակերպել ենք հեռավար եղանակով: Նույնկերպ ապահովել ենք նաև ընդունելության քննությունների կազմակերպումը (միասնական քննությունների մասին է խոսքը): Նույնիսկ, գիտեք, ունենք ներբուհական քննություններ արվեստի, սպորտի, այլ ոլորտներում, այս գործընթացն էլ ենք ապահովել ԼՂ-ի մեր գործընկերների հետ:
Ինչ վերաբերում է ուսումնառությանը, իհարկե, ես ինքս այս հարցը շարունակաբար բարձրացնում են, որ ուսանողների կրթության իրավունքը պետք է ապահովվի, և այս մասին նույնիսկ նամակներով դիմել եմ համապատասխան կառույցներին: Հուսով եմ, որ, իհարկե, սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի, մեր ուսանողները կկարողանան նաև գալ և մասնակցել դասապրոցեսին: Եթե դա հնարավոր չլինի, մենք էլի կփորձենք ապահովել գործընթացը»,- ասաց նա: