ԿԻԵՎԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուղերձում ամփոփել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անցկացրած հանդիպումներն ու բանակցությունների արդյուքնները: «Մենք տուն ենք վերադառնում լավ արդյունքով մեր երկրի և շատ կարևոր նորություններով մեր մարտիկների համար»,- հայտարարել է Զելենսկին՝ մանրամասնելով, որ Կիևին սպասվում է զինամթերքի համալրում՝ ներառյալ հակաօդային պաշտպանություն, հրթիռներ, զրահատեխնիկա և հրետանի:
Ուկրաինայի նախագաի խոսքով՝ անկախությունից ի վեր առաջին անգամ Կիևը ստեղծել է անվտանգության հիմք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու ճանապարհին։ «Սրանք անվտանգության կոնկրետ երաշխիքներ են, որոնք հաստատում են աշխարհի լավագույն դեմոկրատական 7 երկրները»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով՝ «մենք երբեք անվտանգության նման հիմք չենք ունեցել: Այս հիմքի վրա մենք կկառուցենք ամենահզոր երկրների հետ անվտանգության երկկողմ պայմանագրերի նոր, իրավաբանորեն պարտավորեցնող ճարտարապետություն»: Նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, թե արդյոք Ուկրաինան կլինի՞ ՆԱՏՕ-ում։ «Առաջին անգամ մեր բոլոր դաշնակիցները համաձայն են դրան, ինչպես նաև Դաշինքի զգալի մեծամասնությունը եռանդուն առաջ է մղում այդ հարցը»,- վստահեցրել է Զելենսկին:
ԱՄՆ-Ը ԱՇԽԱՏՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ԿԻԵՎԻ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՐԿԵՐԻ ՊԱԿԱՍԸ. ԲԱՅԴԵՆ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնն «աշխատում է» լուծելու Ուկրաինայի հրետանային արկերի պակասը: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը շատ լավ է անցել: «Մենք քննարկումներ անցկացրինք մոտ մեկ ժամ, և ես կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք»,- շեշտել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ վստահ է՝ Թուրքիան կշարունակի աջակցել Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: Ջո Բայդենը նաև անդրադարձել է Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի թեմային: Նա վստահություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա F-16 ինքնաթիռներ վաճառել Թուրքիային:
ՌԴ-Ն ՉԻ ԲԱՑԱՌԵԼ F-16-ՆԵՐԻ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Մոսկվայի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ Մոսկվան չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարն ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում նշել էր, որ Ուկրաինան հույս ունի մինչև 2023 թվականի վերջ ստանալ արևմտյան գործընկերներից առաջին F-16 կործանիչները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադառնալով թեմային՝ չի նշել Ուկրաինային F-16-ի մատակարարման ժամկետները, նրա խոսքով՝ դա կախված կլինի օդաչուների պատրաստությունից և դաշնակիցների կողմից իրավիճակի գնահատականից։
ԲԼԻՆՔԵՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՋԱԿԱՐՏԱ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեկնել է Ջակարտա, որտեղ կմասնակցի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպմանը։ Բլինքենը Ջակարտայում կհանդիպի Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի վարիչ Վան Իի հետ։ Սա Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների ֆոնին կդառնա նրանց երկրորդ հանդիպումը երկու ամսում։ Բլինքենը և Վան Ին կհանդիպեն «ԱՍԵԱՆ+3» ձևաչափում արտաքին գործերի նախարարների բանակցությունների շրջանակում:
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՃԵԼ Է. ՄԱԿ
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ համաշխարհային պետական պարտքը 2022 թվականին աճել է ռեկորդային՝ 92 տրիլիոն դոլարով, քանի որ կառավարությունները փոխառություններ են վերցրել՝ դիմակայելու ճգնաժամերին՝ COVID-19 համավարակին, որի հետևանքներն առավել սուր զգացել են հատկապես զարգացող երկրները: Ներքին և արտաքին պարտքն ամբողջ աշխարհում վերջին երկու տասնամյակների ընթացքում ավելացել է ավելի քան հինգ անգամ՝ գերազանցելով տնտեսական աճի տեմպերը, ընդ որում՝ համախառն ներքին արդյունքը 2002 թվականից ի վեր ընդամենը եռապատկվել է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ շուկաները չեն տուժում, փոխարենը մարդիկ են տառապում: «Աշխարհի ամենաաղքատ երկրներից մի քանիսը ստիպված են ընտրություն կատարել՝ իրենց պարտքը սպասարկելու և իրենց ժողովրդին ծառայելու միջև»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: