Ես կինոյի սնոբ եմ, ֆաստֆուդն ինձ համար չէ՝ երևանյան լսարանին խոստովանում է «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը՝ ընդունելով այն իրողությունը, որ իր մշակույթն այսօր արդեն չափազանց հղկված ու նրբաճաշակ է դարձել: Թոմասն իրեն կինոյում ինքնուս է համարում, փաստում է՝ իր կարիերան կանխորոշել է ճաշակը, և շահույթն ու պահանջարկը երբևէ կինոգործոն չի համարել:
Ջերեմի Թոմաս (կինոպրոդյուսեր, «Օսկարի» դափնեկիր, Մեծ Բրիտանիա) - Առևտրի, շահույթի կամ նորաձևության գաղափարներով չեմ առաջնորդվել: Կյանքում փորձում եմ օրիգինալ, ինքնատիպ լինել: Կինոյում սիրում եմ հակասություն, հակամարտություն, սիրում եմ բռնությունն ու սեքսը կինոյում: Կյանքն է այդպիսին. լուրերով տեսած, ընթերցած կյանքը շատ իրական է, և ինչ-որ մեկն այդ մասին պետք է պատմի:
74-ամյա պրոդյուսերը գրեթե իր տարիքի չափ ֆիլմեր է ստեղծել՝ 75 ֆիլմ կինոաշխարհի հսկաների հետ, այդ թվում՝ նաև Բերտոլուչչիի, Ջարմուշի, Կիտանոյի, Վենդերսի և Քրոնենբերգի: Այսօր էլ բաց է տարբեր փորձարարությունների, գաղափարների և մշակույթների առջև: Գերագույն վայելք է համարում իր ֆիլմերով Ճամփորդելը և փաստում է՝ այս օրերին բացահայտեց Հայաստանը, հասցրել է սիրել Երևանը, հայկական զարմանահրաշ ուտեստները, մի քանի գեղեցիկ գորգեր է գնել և, իհարկե, զմայլվել Արարատով:
Պրոդյուսերը նշում է՝ այսօր կինոն լուրջ մարտահրավերների է բախվում և սկսել է զիջել դիրքերը: Թոմասը միայն մեկ կոմերցիոն ֆիլմ է նկարել և այլևս երբեք կոմերցիոն կինոյին չի վերադարձել: Ընդգծում է՝ այո, անկախ ֆիլմարտադրողների համար միշտ էլ աշխատելը դժվար է, բայց դա է միակ ճանապարհը: Երբ Քրոնենբերգի հետ ստեղծեցին «Վթարը» ֆիլմը, այն արգելվեց Բրիտանիայում:
Ջերեմի Թոմաս - Շատ բարդ աշխարհում ենք ապրում, այսօր արդեն հավակնոտ ֆիլմեր նկարելու ռեսուրսներ չկան: Ռեժիսորը պարզապես իր ֆիլմն է նկարում, ինչպես, օրինակ, Փարաջանովն էր իր ֆիլմերը նկարում և հայտնվում էր բանտում: Իմ ֆիլմերը, որպես կանոն, դրամարկղային հաջողություն չեն ունենում: Մարդկանց ժամանակ է պետք դրանք մարսելու և ընդունելու համար: Բայց եթե բավարար չափով ստեղծարար ես, ապա հաջողություն կունենաս:
Այս պահին Ջերեմի Թոմասն աշխատում է մի քանի նախագծի վրա միաժամանակ: Ընդհանրապես իրեն աշխատամոլ է համարում և փաստում՝ միշտ ատել է արձակուրդները, որովհետև առանց աշխատելու ապրել չի կարողանում, քանի որ ուղեղն անընդհատ սնունդ է պահանջում: Եվ ինքն ասես տերև լինի, որը լողում է ջրի վրայով, հասնում հորձանուտին ու չի սուզվում, իջնում ու կրկին բարձրանում է: