Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 13-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը:
«Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021-ին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին հաշվով 1 ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով:
Այս ընթացքում Կառավարությունը էական ներդրումներ է արել թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավmան համար: Նախորդ տարի հատկացվել էին ռեկորդային միջոցներ 1 միլիարդ 284 միլիոն դրամի չափով, և այս իրավիճակում մենք ունենք այն հանգամանքը, որ մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը բարձրացրել է նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կազմակերպության սեփական եկամուտների ծավալը, և հաստատությունների 90 տոկոսը գրանցել է սեփական եկամուտների աճ մինչև քովիդը՝ 2019 թվականի համեմատ»:
Մշակութային հաստատությունների սեփական ծավալը խթանելու նպատակով ԿԳՄՍՆ-ն մշակել և առաջարկում է ներդնել թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել:
«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծասերի համար»,- ասաց նախարարը:
Այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍՆ-ի առաջարկը կարևոր բարեփոխում որակեց, ապա պարզաբանեց. «Մոտավորապես, իրավիճակը հետևյալն է. պետությունը պե՞տք է աջակցի ներկայացումների, նոր ներկայացումների բեմադրության հարցում: Այո՛: Ինչպե՞ս պետք է աջակցի: Ֆինանսապես: Շատ լավ: Ֆինանսապես աջակցում ենք, և, բնականաբար, հետո ուզում ենք գնանք, տեսնեք՝ ինչ ներկայացում է ստացվել, և գնում ենք, տեսնում ենք՝ շատ լավ ներկայացում է ստացվել: Եվ մենք մեր շուրջն ենք նայում, տեսնում ենք՝ բացի Կառավարության ներկայացուցիչներից՝ էլ մարդ չկա այդ դահլիճում: Բա մեր հանդիսատեսը ո՞ւր է: Դե, հանդիսատես չի եկել: Մի մասը չի հասկանում, մի մասը՝ չի ուզում...»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ Կառավարությունը այդ միջոցը ծախսում է, որ այդ մշակույթը հասանելի լինի մարդկանց: «Որակյալ աշխատանք է արված, բայց մենք չենք ուզում, որ սա դառնա էլիտար ակումբ, որտեղ 1000 հոգանոց դահլիճում 10, 15, 20, 50, 100, 200 հոգի նստում են և վայելում են, մեզ պետք է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց, մարդիկ առնչվեն»,- նշեց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են:
«Թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը 2022-ին 2017 թվականի համեմատ աճել են, ուշադրությո՛ւն դարձրեք, 1032 տոկոսով, այսինքն՝ մենք այս խոսակցության մեջ հասկացել ենք, որ թատրոնները, համերգասրահները որոշակի չափանիշների պետք է համապատասխանեն:
Սխալ թիվ չեմ, չէ՞, ասել, խորհրդավոր ժպտում եք»,- հարցրեց Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարը հաստատեց՝ ստուգված թիվ է: