Երևանյան 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ըստ նախագծի՝ «Երքաղլույսի» հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:
Քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:
Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:
Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են:
Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է:
Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում ԼԷԴ լուսատուներով, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում:
Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ստեղծելն է: