«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և հիմնադրամի տարբեր ոլորտների պատասխանատուներ հանդիպում են ունեցել Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորում է բանկի ծրագրերի գլխավոր մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովը։
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ այս ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ բանկի առաքելության շրջանակներում քննարկվելիք հարցերը կնպաստեն ծրագրի արդյունավետության բարձրացմանը։ Պարոն Ավետիսյանն առանձնացրեց նաև կառուցվող ճանապարհի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար։
Հանդիպման ընթացքում արծարծվել են գնումների գործընթացին, ծրագրի իրականացման շրջանակներում բնապահպանական և սոցիալական ազդեցություններին առնչվող, ֆինանսական և բազմաթիվ այլ թեմաներ։ Նշվել է, որ որոշ ընթացակարգեր ամփոփելուց հետո ընթացիկ տարվա աշնանը կմեկնարկի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։ Քանի որ Մեղրիի տարածաշրջանում բնակլիմայական պայմանները մեղմ են, ուստի կապալառու կազմակերպությունը հնարավորություն կունենա ամբողջ տարվա ընթացքում, առանց ընդմիջման կատարել հողային աշխատանքներ։
Հիմնադրամից նաև հայտնում են, որ Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այս օրերին եղել են նաև Սյունիքի մարզում, դիտարկել կառուցվելիք ճանապարհի ծրագիրը, տեղում քննարկել ծրագրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։