Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ, միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Կառավարության՝ հուլիսի 13-ի նիստին նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս առումով չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությունը ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ երեկ՝ հուլիսի 12-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների 4-րդ հանդիպումը: Իսկ շաբաթ օրը Բրյուսելում կկայանա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը: