ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ճկունություն ցուցաբերելու կարևորությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին ԱՄՆ աջակցության` անփոփոխ լինելու, ինչպես նաև քննարկումներին ստեղծագործ մոտեցման, ճկունության և փոխզիջման հասնելու անհրաժեշտության մասին:
Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի կարևորությունը: Բլինքենը նաև նշել է, որ կողմերը պետք է պահպանեն «տևական և արժանապատիվ խաղաղության ճանապարհին բանակցություններում դրական դինամիկան»»,- հայտնել է Միլլերը: