ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրուցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ են նոր եռակողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, նշել է, որ դեռևս նախատեսված չէ հանդիպում, թեև ամերիկյան կողմը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը:
Միլլերը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը և համաձայնագիրը հասանելի և տեսանելի են»։
«Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում: Անգամ վերջին հանդիպման ժամանակ նրանք փոքրացրել են չլուծված հարցերի շրջանակը։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ նվազող թվով խնդիրները լուծելու դեպքում համաձայնագիրը հասանելի է, բայց դա, իհարկե, ենթադրում է նաև, որ երկու կողմը պատրաստ լինի փոխզիջման»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։