ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը:
«Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է:
Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:
Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգված նմուշներ: Կինոցուցադրություններ են անցկացվելու հատկապես այն մարզերում և մարզկենտրոններում, որտեղ չկան կինոդիտումներ կազմակերպելու հնարավորություններ: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում:
Հայկական կինոժառանգության և ժամանակակից (անիմացիոն վավերագրական ու խաղարկային) ֆիլմերի հանրայնացումը՝ կինոցուցադրությունների բնօրինակ ձևաչափով՝ մեծ էկրանին, խթան կհանդիսանա կինոմշակույթի հաստատուն զարգացմանը մայրաքաղաքից դուրս: Այն նաև մեծապես կնպաստի հայ կինոյի քիչ հայտնի դասական ստեղծագործողների աշխատանքների տարածմանը հասարակության առավել լայն, առավելապես՝ երիտասարդ սերնդի շրջանում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի լայնամասշտաբ հանրայնացմանը՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իրեն հոգեհարազատ անիմացիոն վավերագրական և խաղարկային ֆիլմեր:
Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը կլինի նաև ֆիլմերի ենթագրումն անգլերենով, ինչը Հայաստանում գտնվող օտարերկրյա այցելուներին հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայ կինոյի դասականներին և ժամանակակից ֆիլմերին: Այն առարկայական նշանակություն կունենա նաև հայկական կինոարվեստի միջազգայնացմանը, տարբեր ցանցային հարթակներից հեռարձակելուն: