ՄՇՏԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձ, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցություն, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանում. աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա ֆրանսիացի գործընկերոջ հանդիպման օրակարգն է: Յաել Բրաուն-Պիվեն նշել է, որ մշտապես Հայաստանի կողքին են և շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:
Բարձր գնահատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաև խորհրդարանականների հետևողական աջակցությունը և Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը` Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար` հավատացնելով, որ մեր երկրին և հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի և կենսական փոփոխությունների է հանգեցնում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին:
ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԶՍՊՈՂ ԳՈՐԾՈՆ ՉԷ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ. ՍԵՆԱՏՈՐՆԵՐ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է անցկացրել: Շնորհակալություն հայտնելով Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին` այցի և հանդիպման կազմակերպման համար, Ալեն Սիմոնյանը դիմել է հանդիպմանը մասնակից ֆրանսիացի գործընկերներին, նշել՝ նրանց հավաքական ջանքերի շնորհիվ է Ֆրանսիայի Սենատը 2020 թվականի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ աջակցությամբ ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը:
Նա հիշատակել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, նույն տարվա նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բացարձակ մեծամասնությամբ ընդունված ազդեցիկ բանաձևը և մի շարք այլ փաստաթղթեր:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարվա ապրիլին Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության այցը Տեղ համայնք ահազանգի հնչեցում էր միջազգային հանրության համար և սթափության կոչ Ադրբեջանին:
Ֆրանսիացի սենատորները նկատել են, որ Ադրբեջանի համար զսպող գործոն չէ ընթացող բանակցային գործընթացը: Այս համատեքստում զրույց է ընթացել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին:
Հայ պատվիրակները նշել են, որ եվրոպացի գործընկերներից ակնկալում են նաև ուշադրության կենտրոնում պահել հայ գերիների վերադարձի հարցը: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Հանդիպմանը ներկա սենատոր Մարիա-Արլետ Կարլոտին Հայաստանի Ազգային ժողովի նախագահին է փոխանցել իր համահեղինակած զեկույցը 44-օրյա պատերազմի վերաբերյալ` մատնանշելով, որ այդ պատերազմը պատմության մեջ երբևէ եղած ամենադաժաններից էր, որը նման չէր որևէ այլ ռազմական բախման և ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում:
Քննարկման ավարտին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ և միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում:
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ՎԵՐՋԻՆ ԱՅՑԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԷՐ. ՌԸՏԱՅՈ
Համատեղ աշխատանքային օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել նաև «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարի հետ հանդիպմանը: Բրունո Ռըտայոն նշել է, որ հանդիպումն իր համար սպասված առիթ է՝ Հայաստանի և արցախահայության մասին նորություններ իմանալու համար: Նա հայտնել է, որ Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի բնակիչները: Բրունո Ռըտայոն հավելել է, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը լուրջ հարցականի տակ են դրել ժողովրդավարության ուղով տարածաշրջանի զարգացումը:
Ալեն Սիմոնյանն արձագանքել է, որ ամենօրյա ռեժիմով այդ մասին բարձրաձայնում են միջազգային հանրությանը և ակնկալում շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան