Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծն Ազգային ժողովում դարձյալ բուռն քննարկման առիթ դարձավ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հիշեցրեց՝ հանրապետության մի մասում սակավաջրությամբ պայմանավորված՝ առաջարկվում է լճից 170 մլն խմ ջրառն ավելացնել մինչև 240 մլն խմ-ի: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խնդիրը կապեց ջրամբարներում ջրի սակավության հետ, պնդեց՝ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը չի կարելի ջրամբարներից ջուր բաց թողնել այլ նպատակով:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) -
Մինչև ոռոգման սեզոնի սկիզբը ջրամբարներում պետք է բավականաչափ ջուր լինի, այլապես ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, մի անգամ են ջրում, մի բերք են ստանում, երկու բերք են ստանում, շատ են ջրում տարածքները, թե չէ՝ կապ չունի, փաստ է, որ քիչ բերք են ստացել, և, դրանով պայմանավորված, մեր մոտ տեղական արտադրության բանջարեղենի առաջարկը նվազել է, և գները բարձրացել են:
Խաչատրյանը Կառավարությանը մեղադրեց ջրամբարաշինության գործընթացը ձախողելու համար: Վաչե Տերտերյանը նախ հակադարձեց՝ Հայաստանում ջրամբարների մեծամասնությունը հեղեղային է և հոսքային չէ, այդ պատճառով է այս տարի ջրամբարներում քիչ ջուր ամբարվել, ապա պատասխանեց ջրամբարաշինության վերաբերյալ մեղադրանքին:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացվող գոնե ամենախոշոր ջրամբարի՝ Կապսի շինարարությունն այս տարի սկսվել է:
Թեև նախագծի քննարկումն ավարտվեց, թեման շարունակվեց նաև հաջորդ հարցի ներկայացման ընթացքում՝ արդեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի բացակայությամբ:
Արթուր Խաչատրյան - Կապսի ջրամբարի հետ կապված, ես՝ որպես Շիրակի մարզպետ, Երևան գալուց առաջ, այո՛, նախկին, իմ մոտ նախկինները շատ են, վերջին անգամ, որ գնացել եմ, եղել է 2018 թվականի ապրիլի ամենավերջ կամ մայիսի ամենասկիզբ, երբ դրոններ էին թռցնում թունելի մեջ, որպեսզի տեսնեն, որ ենթակառուցվածքների վիճակները նորմալ են: 5 տարի անցավ, նոր KfW-ի հետ պայմանագիր է կնքվում: Հիմա ասում է՝ Կապսի ջրամբարը երկար ժամանակ ոչ մի բան չէր արվում, 5 տարի եղավ այն պահից, երբ գեոռազվեդկան արվում էր:
Մաթևոս Ասատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բա դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերով խողովակներ գետնի տակից հանեցին, տարան ծախեցին, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք: 30 տարի՝ մի հատ ջրամբար չեք կառուցել, այսօր եկել են ջրամբար են կառուցում, ուզում ենք ոռոգման ցանցերը վերանորոգենք: Այո՛, ձեր թողած ժառանգության համար մենք հլը շատ ենք ձախողելու, շատ պրոբլեմներ են լինելու: Մենակ Ապարանի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր տրուբեքը հանեցին տարան, էն գյուղապետները, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում-փակում էին, որ ձեն չհանեն: Դատախազությունն այս հարցը թող վերանայի, հասկանանք՝ այդ խողովակներն ով տարավ ծախեց ու ինչի համար են տարել, ծախել ու այդ խողովակները տարել են, որպես խողովակ չեն օգտագործել, էդ խողովակները տարել են, որպես ուտիլ են հանձնե:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆ ԵՎ ՊԵԿ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԻՆՏԵԳՐԵԼ
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը, նշեց՝ նախագծի անհրաժեշտությունը ծագել է, երբ տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, սակայն Հայաստանում չգրանցված, ապօրինի ներկրված և վաճառվող դեղորայք: Զեյնալյանը պարզաբանեց՝ երբ տնտեսվարողը դիմում է հարկային մարմիններին՝ ստանալու համապատասխան ապրանքատեսակի համար դրոշմապիտակ, պարտադիր պայման է ներմուծման հավաստագրի հայտի համարի ներկայացումը, սակայն ՊԵԿ-ը չի կարողանում նույնականացնել՝ արդյոք ներկրման հավաստագրի համարն իրակա՞ն է:
Նարեկ Զեյնալյան (ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Նախագծով նախատեսում ենք, որ Առողջապահության նախարարության և ՊԵԿ-ի ծրագրային համակարգերն ինտեգրվեն, և նախարարության տրված ներկրման հավաստագիրը ՊԵԿ-ում առկա լինի և հնարավոր լինի իդենտիֆիկացնել՝ արդյոք տվյալ դեղերի համար ԱՆ-ն տվե՞լ է ներկրման հավաստագիր ու թո՞ւյլ է տվել ներկրել և օտարել ՀՀ-ում:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Քննարկված հաջորդ հարցով Կառավարությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում: Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնեց՝ համայնքների խոշորացման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տրանսպորտային միջոցների՝ հաշմանդամություն ունեցող անձանց 100 տոկոսով հարմարեցված լինելու պահանջի տիրույթում են հայտնվել ոչ միայն քաղաքները, այլև շրջակա գյուղերը, որոնք այս պահին նման հնարավորություն չունեն: Թունյանի ներկայացմամբ՝ նոր կարգավորմամբ՝ պահանջը քաղաքների համար մնացել է, իսկ մյուս բնակավայրերի տրանսպորտային միջոցների համար կարգը կսահմանի Կառավարությունը:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մեր տեսլականն այն է, որ մոտ ապագայում, հաշվի առնելով, իհարկե, մեր հնարավորությունները, պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր տրանսպորտային միջոցները 100 տոկոսով համապատասխանեցված լինեն բոլոր քաղաքացիների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Դժվար է թերագնահատել, օրինակ՝ Երևանում կատարվող փոփոխությունները, թե ինչպես են մատչելի ավտոբուսները կամ տրոլեյբուսները փոխում մարդկանց կյանքը, որովհետև սա միայն տեղաշարժման իրավունք չէ, սա ուղղակի կապ ունի քաղաքացու մյուս իրավունքների հետ: Ուստի այս մասով ես նաև մեր տնտեսվարողներին ու գործընկերներին կոչ եմ անում չառաջնորդվել այն հանգամանքով, թե որ համայնքում քանի մարդ է բնակվում հաշմանդամություն ունեցող, տարեց և այլն, սա անհատական ծառայություն չէ, այս ծառայություններն ամբողջությամբ պետք է մատչելի լինեն բոլորին:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ներկայացված բոլոր նախագծերն ընդունեց՝ սպառելով արտահերթ նստաշրջանի օրակարգը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան