Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը գուցե նախատեսված հուլիսի 21-ից ավելի շուտ լինի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն այցի ընթացքում «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում է նշել: Մայիսը ինտենսիվ բանակցությունների փուլ էր՝ Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա, անկախ հանդիպումների վայրից՝ հարցերի շրջանակը նույնն է: Իսկ հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում Վաշինգտոնի գործադրած ջանքերը Երևանը բարձր է գնահատում, վերահաստատում՝ Հայաստանը վճռական է խաղաղության օրակարգի հարցում՝ անկախ գործընթացում առկա խնդիրներից:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Կարևոր խնդիրներից մեկը՝ հստակեցնել սահմանը 1975-ի գլխավոր շտաբի քարտեզով, վերջնական համաձայնություն չկա, նաև միջազգային մեխանիզմ ստեղծվի, որ Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն ԼՂ ապրողների իրավունքներն ու անվտանգությունը:
ԼՂ հիմնախնդիրը երբեք տարածքային խնդիր չի եղել, և ինչի շուրջ բանակցում ենք՝ տարածքների մասին չէ, մարդկանց մասին է, մարդկանց իրավունքների մասին է:
Գրիգորյանը կարծում է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա միջազգային մեխանիզմը, ընդգծում՝ բանակցային այդ սեղանի շուրջ Ստեփանակերտը պետք է բարձրացնի բոլոր այն հարցերը, որ վերաբերում են Լեռնային Ղարաբաղին:
Արմեն Գրիգորյան - Միջազգային մեխանիզմ ասելով՝ հասկանում ենք բանակցություններ, որտեղ նաև միջազգային հանրություն է ներկա, Լաչինի միջանցքում և ԼՂ-ում միջազգային ներկայությունը շատ արդյունավետ կլինի, քանի որ անվտանգության և իրավունքների երաշխիքների ստեղծումը, առանց միջազգային ներկայության, շատ դժվար կլինի:
ՌԴ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԼՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ
Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտում է՝ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է:
Արմեն Գրիգորյան - Նոյեմբերի 9-ով ադրբեջանցիների ներկայություն չէր նախատեսվում, և խաղաղապահների առաքելությունն այն էր, որ ապահովեն մարդկանց ազատ տեղաշարժը, որը հիմա չկա: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունն ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է, վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրանքների տեղաշարժ չկա, և սա բարդացնում է կյանքը հենց Լեռնային Ղարաբաղում։
ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԿՆՇԱՆԱԿԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ» ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Ճանապարհների ապաշրջափակմամբ Հայաստանը ամենաշատն է հետաքրքրված, բայց կա երեք սկզբունք, որով Հայաստանն առաջնորդվում է այդ հարցում՝ սուվերենությունը, իրավազորությունը և փոխադարձությունը:
Արմեն Գրիգորյան - Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում: Եթե ապաշրջափակումը լինում է, Հայաստանը դառնում է առևտրի կենտրոն, «հայկական խաչմերուկը» դառնում է իրականություն:
ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-Ն ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՊԿ ԲՈԼՈՐ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
Ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք-զինամթերքը չտրամադրելու մասին հարցին՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ դա շարունակում է մնալ օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրներն էլ Հայաստանը բարձրաձայնում է ՀԱՊԿ-ի բոլոր հարթակներում:
Արմեն Գրիգորյան - Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով, առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում:
ՀՀ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՕՐԱԿԱՐԳԸ
Արդյոք Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած տնտեսական և ռազմական դաշինքներում չի՞ խոչընդոտում ԱՄՆ-ի հետ գործակցությանը՝ դիտարկմանը Գրիգորյանը արձագանքում է՝ որևէ խնդիր չկա այդ առումով, Երևանը ձգտում է ընդլայնել ու զարգացնել Միացյալ Նահանգների հետ երկկողմանի օրակարգը:
Արմեն Գրիգորյան - ԱՄՆ հետաքրքրությունը մեծ դաշտ է բացում այդ համագործակցության համար: Անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք ու քննարկելու ենք մոտ օրերս՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել հարաբերությունները:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը, ըստ հայկական կողմի տեղեկատվության, քննարկվել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները:
Արմեն Գրիգորյան - Համագործակցության նոր դռներ բացելու քննարկումներ կան անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ, այս մասով մեծ առաջընթաց ունենք:
Արդյունքները երկարաժամկետ կտրածքով ավելի տեսանելի կլինեն՝ մանրամասնում է Գրիգորյանը: Ատոմակայանների վերաբերյալ ռուսական և ամերիկյան առաջարկները Հայաստանը չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքստում, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների ու հնարավորությունների տեսանկյունից: ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի, միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առաջարկություններ Հայաստանը ստացել է նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից:
Արմեն Գրիգորյան - Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը արդիականացնելու ուղղությամբ վերջնական որոշում կայացնելու համար: Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու կոնտեքստում:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Վերադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Գրիգորյանը ընդգծում է՝ այն անկայուն փուլում է: Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա:
Արմեն Գրիգորյան - Գումարած դրան՝ Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը, ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի հավանականությունը:
Գրիգորյանը շեշտում է՝ Ադրբեջանը գնում է հենց էսկալացիայի ճանապարհով՝ փորձելով ապակայունացնել տարածաշրջանը: Ամբողջ պատասխանատվությունն էսկալացիայի համար Ադրբեջանի վրա է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան