ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺ ԿԱ. ԱԼԻԵՎ
Իլհամ Ալիևը 2023 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով խորհրդաժողովում, ի թիվս մի շարք հարցերի, խոսել է Բաքու-Երևան հարաբերությունների մասին:
Նա նշել է, թե խաղաղության բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի վրա, և հենց այդ սկզբունքները հաշվի առնելով էլ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը։
«Ամեն դեպքում, իմ կարծիքով` նման հնարավորություն կա: Բանակցությունների վերջին փուլերի և մի քանի օրից ակնկալվող բարձր մակարդակի շփումների նպատակն է ավելի մոտեցնել կողմերին խաղաղության պայմանագրին» - ասել է Ալիևը, հավելել՝ հայկական կողմը բանավոր հայտարարությունները պետք փոխանցի թղթին:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում դրական շարժ կա:
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պետք է հզորացնի ռազմական ներուժը:
«Աշխարհի տարբեր հատվածներում միջազգային իրավունքը չի գործում։ Պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կազմակերպությունների բանաձևերի և որոշումների վրա։ Միջազգային իրավունքի երաշխավորի դեր ստանձնած խոշոր պետություններն առաջինն են ոտնահարում այդ իրավունքը: Հետևաբար, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք անընդհատ շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ», - նշել է Ադրբեջանի նախագահը։
Նա հավելել է՝ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը շատ ավելի մեծ ռազմական ներուժ ունի, և իշխանությունների նպատակն է բանակը հագեցնել նոր սպառազինությամբ և տեխնիկայով:
«Ժամանակակից աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը: Ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների ու վերջնագրերի լեզվով։ Կարծում եմ՝ նման փորձեր այլևս չեն լինի», - նշել է Ալիևը։
ԱԼԻԵՎՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՅՈՒԴԼՈՒՈՒՄ
Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը մտահոգված է Ադրբեջանի Սոյուդլու գյուղում էկոլոգիական աղետի դեմ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությամբ ցրելու մասին հաղորդումներով։ Ըստ հարթակի՝ մտահոգիչ է նաև, որ տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն հայտնած ակտիվիստներն ու լրագրողներն անարդարացիորեն պատժվել են իշխանությունների կողմից: Ցանցը պաշտոնական Բաքվին կոչ է արել ապահովել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ավելի վաղ՝ Սոյուդլու գյուղի բնակիչները ցույցեր էին անցկացրել, բողոքել բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է ոսկու հանքավայրից քիմիական թափոնների հեռացման համար: Ակցիաների ընթացքում իրավապահները մահակներով դաժանորեն ծեծել էին ցուցարարներին, հայտնի է ձերբակալվածների մասին:
Իլհամ Ալիևը մեղադրել է երկրի բնապահպանության նախարարությանը, նշել, թե կառույցի անփութության պատճառով օտարերկրյա ներդրողները թունավորել են Ադրբեջանի բնությունը։ Նա հայտարարել է, որ որոշ քաղաքացիներ էլ տրվել են սադրանքների և անօրինական գործողություններ իրականացրել:
Ալիևը մեղադրել է այն քաղաքացիներին, որոնք ցույցերի ժամանակ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել ոստիկանության գործողությունները գյուղում և ամբողջությամբ արդարացրել դրանք:
ՅՈԹԻ ԽՈՒՄԲԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ
Յոթի խումբը համաձայնեցրել է Ուկրաինային երկարաժամկետ անվտանգության երաշխիքների ընդհանուր սկզբունքները՝ պարտավորվելով ավելացնել ռազմական մատակարարումները։
«Մենք հաստատում ենք, որ Ուկրաինայի անվտանգությունը եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության անբաժանելի մասն է», - ասված է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում։
Երաշխիքները ենթադրում են ցամաքային, օդային և ծովային նշանակության ժամանակակից ռազմական տեխնիկայի տրամադրում, հետախուզական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև զինվորականների ուսուցում:
Յոթնյակը խոստացել է, որ Ռուսաստանի ակտիվները սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխհատուցել Ուկրաինային պատճառված վնասը։
Ի պատասխան` Կիևը հայտարարել է, որ հանձնառու է դատական և այլ ոլորտների բարեփոխումներ անցկացնել և զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն ապահովել։
Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը կարող է «անվտանգության հովանոց» դառնալ երկրի համար: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն էլ նշել է՝ անվտանգության հստակ երաշխիքները կարող են ստորագրվել 2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ Ուկրաինան հաղթի պատերազմում։
Նրա խոսքով՝ այդ երաշխիքները կգործեն մինչև ՆԱՏՕ-ին Կիևի լիարժեք անդամակցությունը, ինչը կկանխի ռուսական հնարավոր ագրեսիաներն ապագայում:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՊԱԳԱՆ ՆԱՏՕ-Ի ԿԱԶՄՈՒՄ Է. ԲԱՅԴԵՆ
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ի կազմում է, Վիլնյուսում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է Ջո Բայդենը: ԱՄՆ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստից հետո մասնակիցներն ընդգծել են, որ Կիևը պետք է շարունակի երկրում բարեփոխումները: Մինչև այդ, Բայդենի խոսքով, ՆԱՏՕ-ն կապահովի Ուկրաինայի անվտանգությունը, իսկ Վաշինգտոնը կանի հնարավորը՝ զենքի մատակարարումներն արագացնելու համար:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, քանի դեռ երկրում պատերազմ է, անդամության դեպքում դա կնշանակի պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
ՊԵՍԿՈՎՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ՝ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը, հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու՝ Մեծ յոթնյակի որոշումը չափազանց սխալ ենք համարում։ Կիևին անվտանգության երաշխիք տալով՝ այդ երկրներն անտեսում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը և սպառնում Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
ՆԱՐԻՇԿԻՆԸ ԵՎ ԲԸՐՆՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ուկրաինայի հարցով բանակցությունների համար պայմանները դեռ պետք է հասունանան՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Սերգեյ Նարիշկինը հավելել է՝ վաղ թե ուշ բոլոր հակամարտություններն էլ բանակցությունների սեղանի շուրջ են ավարտվում:
Նա նաև հաստատել է, որ հունիսի վերջին հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի հետ: Նարիշկինի գնահատմամբ՝ 1 ժամ տևած զրույցի առիթը ամերիկյան կողմից, ըստ ամենայնի, հունիսի 24-ին Ռուսաստանում զինված հեղաշրջման փորձն է եղել, սակայն հիմնականում քննարկվել են Ուկրաինայի շուրջ զարգացումները:
Ռուս պաշտոնյան նաև նշել է, որ «Ազով»-ի հրամանատարներին Ուկրաինա ուղարկելու՝ Անկարայի որոշումը Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածության խախտում է և Թուրքիայի մասին լավ չի խոսում: