««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. նշել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանձնաժողովի՝ հուլիսի 12-ին հրավիրած արտահերթ նիստում: Նա տեղեկացրել է, որ նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ՝ օգտագործել բժշկական ասոցիացիաների ներուժն առողջապահական համակարգի զարգացման և բուժօգնության արդյունավետության բարձրացման գործում, խրախուսել և խթանել ասոցիացիաների զարգացմանն ու կայացմանը, ինչպես նաև մոտիվացնել բուժաշխատողներին՝ անդամագրվելու ասոցիացիաներին և մասնակցելու դրանց աշխատանքներին:
Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:
Հանձնաժողովը քննարկել է նաև ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանը նշել է, որ կատարվել է խմբագրական փոփոխություն, որն ընդունվել է: Օրենքի նախագծում ամրագրվել է, որ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան և (կամ) հյուսվածք և (կամ) հեղուկ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով ենթակա է պարտադիր ձևաբանական հետազոտության, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված այն դեպքերի, երբ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:
Հանձնաժողովը քննարկել է նաև ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել է այն փաստից հետո, երբ տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, բայց ՀՀ-ում չգրանցված դեղորայք: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախագծում մերժման հիմքերի մեջ ավելացվել է մեկ հոդված, ըստ որի՝ դրոշմապիտակի տրամադրման ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման հավաստագրի բացակայությունը հիմք է դրոշմապիտակ չտրամադրելու համար:
Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության կողմից եղել են մի քանի տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին: