ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ
Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկումների օրակարգում են Կիևին ռազմական աջակցությունը, դաշինքին Կիևի անդամակցության հեռանկարը և երկրին անվտանգության երաշխիքների տրամադրումը:
Ուկրաինայի նախագահը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ: Զելենսկին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցության ընդլայնման հեռանկարը։ Զելենսկին Թրյուդոյին է ներկայացրել մարտի դաշտում զարգացումները, շնորհակալություն հայտնել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:
Զելենսկին բանակցություններ է անցկացրել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ուկրաինայի նախագահը տելեգրամյան էջում հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կիևին լրացուցիչ Patriot կայանների և հրթիռների մատակարարման վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Նա շնորհակալություն է հայտնել չորս երկրի ղեկավարներին Կիևին շարունակական ռազմական աջակցության համար: Զելենսկին հավելել է, որ նիդերլանդական կողմը խոստացել է օգոստոսին վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին, ինչպես նաև ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:
Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում ուկրաինական պատվիրակությունը նաև ռազմական գործակցության երկու համաձայնագիր է ստորագրել Շվեդիայի հետ։ Դրանք թույլ կտան Կիևին և Ստոկհոլմին փոխանակել անվտանգության ոլորտում գաղտնի տեղեկատվությունը: Ուկրաինան նաև հասանելիություն կստանա շվեդական Gripen կործանիչներին և այլ ռազմական տեխնիկայի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն էլ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ գագաթնաժողովի արդյունքները դրական են, բայց եթե անդամակցության հրավեր էլ ստանային, կատարյալ կլիներ:
«Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Բայց դրական ազդանշանները մեզ համար կարևոր են»,- շեշտել է Զելենսկին։
Ստոլտենբերգը պատասխանել է՝ Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ին: «Ես սպասում եմ այն օրվան, երբ մենք կհանդիպենք որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ: Մենք Ուկրաինային կհրավիրենք ՆԱՏՕ, երբ դաշնակիցները համաձայնեն, որ բոլոր պահանջները կատարված են»,- ասել է գլխավոր քարտուղարը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ԱԴԱՄ. ՄԻԼԼԵՐ
Ուկրաինան պատերազմի ընթացքում չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ դա կնշանակի պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
«Նախագահ Բայդենն ի սկզբանե հասկացրել է` քանի դեռ ինքը ղեկավարում է, դա տեղի չի ունենա»,- ասել է Մեթյու Միլլերը։
Նա հավելել է՝ Վաշինգտոնը տեսնում է, որ Կիևը կարևոր բարեփոխումներ է իրականացնում, և կշարունակի աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կօգնի երկրի անվտանգության ապահովման հարցում:
ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ագրեսիվ հարձակողական կառույց է, որը լուրջ վտանգ է ներկայացնում։
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու՝ Մեծ յոթնյակի հնարավոր որոշումը չափազանց սխալ ենք համարում։ Կիևին անվտանգության երաշխիք տալով՝ այդ երկրներն անտեսում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը և սպառնում Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է՝ իսկ եթե Արևմուտքն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, Ռուսաստանը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել։
Պեսկովը խոսել է նաև Պեկին-Մոսկվա շփումների մասին: Նա նշել է՝ հիմա ճիշտ ժամանակն է ռուս-չինական հարաբերություններն ավելի խորացնելու համար:
«Արևմուտքի հայտարարությունները, թե Մոսկվայի և Պեկինի դաշինքը սպառնում է աշխարհի անվտանգությանը, ապացուցում են, որ նրանք չեն հասկանում ռուս-չինական հարաբերությունների էությունը», - ընդգծել է Պեսկովը։
ԱԼԻԵՎՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՅՈՒԴԼՈՒՈՒՄ
Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը մտահոգված է Ադրբեջանի Սոյուդլու գյուղում էկոլոգիական աղետի դեմ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությամբ ցրելու մասին հաղորդումներով։ Ըստ հարթակի՝ մտահոգիչ է նաև, որ տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն հայտած ակտիվիստներն ու լրագրողներն անարդարացիորեն պատժվել են իշխանությունների կողմից: Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը կոչ է արել պաշտոնական Բաքվին ապահովել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ավելի վաղ Սոյուդլու գյուղի բնակիչները ցույցեր էին անցկացրել, բողոքել բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է ոսկու հանքավայրից քիմիական թափոնների հեռացման համար: Ակցիաների ընթացքում բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել ցուցարարներին, հայտնի է տուժածների և ձերբակալվածների մասին:
Տեղի ունեցածի ֆոնին Իլհամ Ալիևը մեղադրել է երկրի բնապահպանության նախարարությանը, նշել, թե կառույցի անփութության պատճառով օտարերկրյա ներդրողները թունավորել են Ադրբեջանի բնությունը։ Նա հայտարարել է, որ որոշ քաղաքացիներ էլ տրվել են սադրանքների և անօրինական գործողություններ իրականացրել: Ալիևը նաև մեղադրել է այն քաղաքացիներին, որոնք ցույցերի ժամանակ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել ոստիկանության գործողությունները գյուղում և ամբողջությամբ արդարացրել դրանք:
ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին։ Կողմերը գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական և եղբայրական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում։ Նշվել է, որ Քուրթուլմուշի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Թուրք պաշտոնյան հայտարարել է՝ Անկարայի և Բաքվի կապերը ռազմավարական բնույթ են կրում, երկու երկրները մշտապես սատարում են իրար և ապագայում էլ կսատարեն: «Ուժեղ Ադրբեջանի գոյությունը Հարավային Կովկասում նշանակում է ուժեղ Թուրքիա՝ տարածաշրջանում»,- ասել է Քուրթուլմուշը: