Իլհամ Ալիևը 2023 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով խորհրդաժողովում, ի թիվս մի շարք հարցերի, խոսել է Բաքու-Երևան հարաբերությունների մասին:
Նա նշել է, թե խաղաղության բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի վրա, և հենց այդ սկզբունքները հաշվի առնելով էլ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը։
«Ամեն դեպքում, իմ կարծիքով, նման հնարավորություն կա: Բանակցությունների վերջին փուլերի և մի քանի օրից ակնկալվող բարձր մակարդակի շփումների նպատակն է ավելի մոտեցնել կողմերին խաղաղության պայմանագրին»,- ասել է Ալիևը, հավելել՝ հայկական կողմը բանավոր հայտարարությունները պետք փոխանցի թղթին: Նա նաև ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում դրական շարժ կա:
Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պետք է հզորացնի ռազմական ներուժը: «Աշխարհի տարբեր հատվածներում միջազգային իրավունքը չի գործում։ Պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կազմակերպությունների բանաձևերի և որոշումների վրա։ Միջազգային իրավունքի երաշխավորի դեր ստանձնած խոշոր պետություններն առաջինն են ոտնահարում այդ իրավունքը: Հետևաբար, մենք պետք է ավելի ուժեղ լինենք, որպեսզի պաշտպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք անընդհատ շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ», - նշել է Ադրբեջանի նախագահը։
Նա հավելել է՝ այսօր Ադրբեջանի զինված ուժերը շատ ավելի մեծ ռազմական ներուժ ունի, և իշխանությունների նպատակն է բանակը հագեցնել նոր սպառազինությամբ և տեխնիկայով:
«Ժամանակակից աշխարհում առաջին պլան է մղվում ուժի գործոնը: Ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների ու վերջնագրերի լեզվով։ Կարծում եմ՝ նման փորձեր այլևս չեն լինի»,- նշել է Ալիևը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ Է ԿՐԵԼ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական կողմը հակահարձակման ընթացքում մեծ կորուստներ է կրել: Սերգեյ Շոյգուն հավելել է, թե Ուկրաինայի զինված ուժերը մարտի դաշտում որևէ ուղղությամբ իր նպատակներին չի հասել: Նա նաև զգուշացրել է՝ եթե ամերիկյան կողմը կասետային զինամթերք մատակարարի Ուկրաինային, Մոսկվան ստիպված կլինի համարժեք պատասխան տալ:
«Ռուսաստանը ևս կասետային զինամթերք ունի»,- շեշտել է Շոյգուն:
Պաշտոնյան պնդել է, թե Ուկրաինայի զինված ուժերը փորձեր է անում՝ ճեղքելու ՌԴ ԶՈՒ պաշտպանությունը, սակայն ապարդյուն:
«Ռուսական զորքերը Կրասնոլիմանսկի ուղղությամբ անցել են հակահարձակման և առաջընթաց ունեն»,- տեղեկացրել է Շոյգուն:
Նա նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինին օրական երկու անգամ զեկուցում են մարտի դաշտում զարգացումների մասին:
Մինչ այդ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարում է, որ երկրի զինված ուժերը մարտի դաշտում հաջողություններ ունի և շարունակում է առաջխաղացումը Բախմուտի ուղղությամբ:
ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ԲԱՅԴԵՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐԵԼ
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ առ դեմ բանակցություններ են վարել։
Հանդիպումից առաջ Էրդողանը հայտարարել է Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին։
«Եկել է ռազմավարական մեխանիզմի շրջանակում պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցությունների ժամանակը: Այս հանդիպումը դիտարկում եմ որպես առաջին քայլ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Բայդենը պատասխանել է, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է այսուհետ էլ զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները և առաջիկա 5 տարվա ընթացքում ակտիվ աշխատել Էրդողանի թիմի հետ: Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ ՆԱՏՕ-ին հավատարմության և Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին կանաչ լույս վառելու համար:
Նախագահները նաև վերահաստատել են Ուկրաինային շարունակական աջակցության և Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորությունը։
ՆԱՏՕ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՌԴ-Ն Է. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարություն են տարածել, նշելով՝ ՆԱՏՕ-ի անվտանգությանն ամենալուրջ սպառնալիքը Ռուսաստանն է՝ միաժամանակ հավատացնելով, որ Արևմուտքը չի ձգտում ռուսական կողմի հետ առճակատման և հույս ունի պահպանել հաղորդակցության ուղիները: Դաշինքը նաև դատապարտել է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը և Մոսկվային Իրանի ռազմական աջակցությունը:
Դաշինքը հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր կտրամադրվի, երբ բոլոր դաշնակիցներն այդ հարցով համաձայնության գան:
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: Կիևն ավելի ու ավելի է ինտեգրվում դաշինքին և զգալի առաջընթաց է գրանցել բարեփոխումների ոլորտում: Կիևին աջակցությունը կշարունակվի»,- ասված է փաստաթղթում:
Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Չինաստանին: ՆԱՏՕ-ի անդամ երկրները նշել են, որ Պեկին-Մոսկվա ռազմավարական գործընկերության խորացումը հակասում է ՆԱՏՕ-ի արժեքներին և շահերին, մտահոգություն հայտնել, որ Չինաստանի միջուկային զինանոցն ընդլայնվում է:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ԱԴԱՄ. ՄԻԼԼԵՐ
Ուկրաինան այժմ՝ պատերազմի ընթացքում, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ դա կնշանակի պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
«Նախագահ Բայդենն ի սկզբանե հասկացրել է` քանի դեռ ինքը ղեկավարում է, դա տեղի չի ունենա»,- ասել է Մեթյու Միլլերը։
Նա հավելել է՝ Վաշինգտոնը տեսնում է, որ Կիևը կարևոր բարեփոխումներ է իրականացնում, և կշարունակի աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կօգնի երկրի անվտանգության ապահովման հարցում:
ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ
Ուկրաինայում գիտեին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա վերջում Կիևը դաշինքին անդամակցության հրավեր չի ստանա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Մենք գիտակցում էինք, որ ՆԱՏՕ-ն միայն առաջին քայլերը կանի, այն է՝ աջակցության երկարաժամկետ ծրագիր, Կիևի համար անդամակցության գործողությունների ծրագրի չեղարկում և քաղաքական ինտեգրման խորհրդի ձևավորում»,- նշել է Պոդոլյակը։
Մինչ այդ Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկումների օրակարգում են Կիևին ռազմական աջակցությունը, դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը և երկրին անվտանգության երաշխիքների տրամադրումը: