Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրո Կուլեբան ասել է, որ Կիևը չգիտի, թե ինչ պայմաններ պետք է կատարվեն՝ երկիրը ՆԱՏՕ հրավիրելու համար։ Նրա խոսքը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։
«Այստեղ է խնդիրը: Այսինքն՝ ե՞րբ են կատարվելու պայմանները։ Ի՞նչ պայմաններ են դրանք։ Ո՞վ պետք է դրանք ձևակերպի»,- հարցերն ուղղել է ուկրաինացի նախարարը:
Կուլեբան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ու Ուկրաինան տարբեր դիրքորոշումներ ունեն ռազմական դաշինքին երկրի անդամակցության հարցում։ Նրա խոսքով՝ Արևմուտքում խոսում են ինչ-որ պայմանների մասին, իսկ Կիևում համոզված են, որ հրավերի բոլոր պայմաններն արդեն կան։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նորմալ է համարել ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ուկրաինային ներկայացված պայմանները։ Դրանք ներառում են կառավարման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության հարցերը։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է կանխատեսել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ստույգ ժամկետները։ Միևնույն ժամանակ, նա հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Կիևը չի կարող ընդունվել դաշինք մինչև ռազմական գործողությունների ավարտը, քանի որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ հույս է հայտնել, որ «մի քանի տարի հետո» Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: