ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի:
Նշվել է, որ փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Կառավարությունը:
Ըստ փոխնախարարի՝ կվերանայվի նաև բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը:
Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել լրամշակված օրենքի նախագծին: