Իրանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին բողոքի նոտա է հանձնել Մոսկվայի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության հրապարակումից հետո, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Փաստաթուղթը վերաբերում է Պարսից ծոցի երեք՝ Մեծ և Փոքր Թոմբ ու Աբու Մուսա կղզիներին։
Երկուշաբթի Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացել է ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների վեցերորդ փուլը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն և գործողությունների ծրագիր 2023-2028 թվականների համար։ Կազմակերպության քարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նախարարները «հաստատել են աջակցությունը խաղաղության բոլոր ջանքերին, ներառյալ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությանը և երեք կղզիների՝ Մեծ և Փոքր Թոմբի ու Աբու Մուսայի հիմնախնդրի խաղաղ լուծմանը հասնելու ջանքերին՝ երկկողմ բանակցությունների կամ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով։
Այս կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Նրանց պատկանելությունը վիճարկում են ԱՄԷ-ի և Իրանի իշխանությունները: Երկու պետությունը վիճում է այդ տարածքների սեփականության շուրջ 1971 թվականից, երբ դրանք Լոնդոնը փոխանցեց Թեհրանին, հիշեցնում է պարբերականը։
Իրանի ԱԳՆ-ն բողոքել է ՌԴ դեսպանին Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի հայտարարության առնչությամբ: Դեսպանին հիշեցրել են, որ այդ կղզիները պատկանում են Թեհրանին, և հորդորել են Մոսկվային շտկել իր դիրքորոշումն այս հարցում։
Իրանի արտգործնախարարի օգնականի հետ զրույցում Դեդովը վստահեցրել է, որ Ռուսաստանը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, և խոստացել է այդ տեղեկությունը հնարավորինս շուտ հասցնել Մոսկվա։