Երեք միջնորդություն՝ մեկ նիստում. Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Մինչև միջնորդությունների քննությունը Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն անդրադարձավ այս նիստին իրենց մասնակցությանը, հիշեցրեց, որ փաստաբանները եռօրյա գործադուլ են անում, և ինքը երեկ այլ նիստով միջնորդություն է ներկայացրել այդ պատճառով նիստը հետաձգելու, սակայն դատարանը մերժել է այն:
Ամրամ Մակինյան (Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ) - Պայմանավորված էն հանգամանքով, որ դուք չեք հարգել մեր հարգելի բացակայությունը, մենք ստիպված հակասական իրավիճակում ենք հայտնվել և այսօր եկել ենք դատական նիստի և կրկին խնդրում ենք նիստը հետաձգել:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը միջնորդությունը անհիմն որակեց:
Տիգրան Ենոքյան (Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Կողմի իրավունքն է անցկացնել գործադուլ, բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ դա բավարար չէ, որ դատական նիստը հետաձգվի:
Այնուհետև պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը 2 միջնորդություն ներկայացրեց՝ հիմքում՝ Սահմանադրական դատարանում քննվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցն է։ Փաստաբանը միջնորդեց գործի վարույթը կասեցնել մինչև Բարձր դատարանի եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Վահագն Գրիգորյան (պատասխանողի ներկայացուցիչ) - ՍԴ-ն ներկայում քննարկում է այնպիսի իրավահարաբերություններ, որոնք սույն գործի համար էական նշանակություն ունեն, քանի որ սահմանադրական դատավարության կարգով քննվող գործի ելքից է կախված լինելու սույն գործով որոշվելիք ապացուցման առարկան և բաշխվելիք ապացուցման բեռը:
Դատախազը այս միջնորդությունը ևս անհիմն համարեց, նշեց՝ հայցի քննությունը կասեցնելու հիմքեր առկա չեն:
Տիգրան Ենոքյան - Քանի դեռ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի որևէ դրույթ Սահմանադրական դատարանի կողմից չի կասեցվել, գործում է օրենքների իրավական օրենք լինելու և Սահմանադրությանը համապատասխանելու կանխավարկածը:
Դատարանը ևս արձանագրեց, որ օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ որոշում առկա չէ:
Կարեն Բադալյան (դատավոր) - Տվյալ դեպքում գործի քննության անհնարինությունը բացակայում է, հետևաբար միջնորդությունը առնվազն այս հիմքերով անհիմն է և ենթակա մերժման:
Նույն հիմքով փաստաբանը միջնորդեց այս անգամ էլ ողջամիտ ժամկետում հետաձգել գործի քննությունը:
Վահագն Գրիգորյան - Նման պայմաններում գտնում ենք, որ անհրաժեշտ է հետաձգել սույն գործը՝ մինչև ՍԴ-ում քննվող գործով եզրափակիչ ակտ կայացնելը, քանի որ չհետաձգումը առաջ է բերում որոշակի խնդիրներ՝ կապված այն հանգամանքի հետ, թե ի վերջո ով այս գործի շրջանակում ինչ պետք է ապացուցի:
Դատարանը նույն պատճառով այս միջնորդությունը ևս մերժեց: Փաստաբանի երրորդ միջնորդությունն էլ հայցային վաղեմություն կիրառելուն էր վերաբերում: Ընդ որում՝ նման միջնորդություն կողմը երկրորդ անգամ է ներկայացնում, ըստ փաստաբանի, սակայն, այժմ հիմքերն են այլ:
Կարեն Բադալյան - Իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցադիմումը թվագրված է 2022 թվականով, և երկրորդ՝ որ սույն գործով իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցադիմումը վերաբերում է բավականին վաղ անցյալում ենթադրաբար տեղի ունեցած իրադարձություններին: Ենթադրաբար հայցի հիմքում դրված է այն կանխավարկածը, որ պատասխանողը որոշակի տարեթվերի, որոշակի ամսաթվերի որոշակի ապօրինի եկամուտներով կատարել է որոշակի ծախսեր և գույքեր:
Նա ընդգծեց, որ այս միջնորդությունը ներկայացնելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես պատասխանողների կողմից պահանջների կամ հայցի հիմքում դրված փաստերի ընդունում: Միջնորդությունը սակայն դատարանը չքննեց: Դատավորը նշեց, որ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է։ Ըստ դատավոր Կարապետ Բադալյանի՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ առկա է նպատակ՝ խափանել դատական նիստը:
Կարեն Բադալյան - Հաշվի առնելով այսօրվա դատական նիստում կողմի ներկայացրած՝ գործի քննությունը հետաձգելու բազմաթիվ, տարբեր փաստարկներով գործի քննությունը հետաձգելու միջնորդությունները, դատարանն արձանագրում է, որ այս միջնորդություն էլ ներկայացված է նույն տրամաբանությամբ և նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը, ձգձգել գործի դատական քննությունը։
Դատախազությունը Սերժ Սարգսյանից և նրա դստերից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 734 միլիոն դրամի գույք ու դրամական միջոց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան