Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, կնոջ և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը:
Ոչ պատասխանողները, ոչ էլ Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նիստին ներկա չէին: Դատարանը տեղեկացրեց, որ Մեժլումյանը խնդրել է գործի քննությունը հետաձգել, քանի որ մասնակցում է փաստաբանների բողոքի ակցիային: Դատարանը, սակայն, նրա բացակայությունը անհարգելի համարեց և որոշեց նիստը շարունակել:
Դատարան էր ներկայացել գործով 3-րդ անձ Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ Անահիտ Բեգլարյանը, որը ներկայացրեց իր վստահորդի դիրքորոշումը: Դատարանի որոշմամբ՝ նիստը մասնակի տեսանկարահանվեց, քանի որ Բեգլարյանը դեմ էր:
Անահիտ Բեգլարյան (Կարինե Մարգարյանի ներկայացուցիչ) - Խոսքը Նալբանդյան 98 շենքի, 25/1 և 29 շինության տարածքների մասին: Դեռևս 2021 թվականին Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագրեր:
Աննա Բադալյանը Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի զարմուհին է, այդ գույքը, ըստ հայցվորի, թեև Բադալյանի անունով է, սակայն փաստացի պատկանել է նախկին պաշտպանության նախարարին: Այն ըստ փաստաբանի՝ 2021-ին է վաճառվել իր վստահորդին:
Անահիտ Բեգլարյան - Քանի որ կողմը խուսափել է նոտարական գրանցումից, վստահորդս ստիպված է եղել դիմել դատական պաշտպանության, և դատարանի վճռի հիման վրա վավեր է ճանաչվել և գրանցվել Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքը վերը նշված 2 հասցեների նկատմամբ:
Այդ ընթացքում Գլխավոր դատախազությունը գույքի վրա արգելանք էր դրել, և Կադաստրի կոմիտեում որևէ գործարք անել հնարավոր չէր: Ըստ դատախազի՝ նրանք շրջանցել են կիրառված արգելքը և գույքը անվանափոխել Կարինե Մարգարյանի անունով:
Գևորգ Քոչարյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Կարծում ենք, որ ե՛ւ գնորդը, ե՛ւ, բնականաբար, վաճառողը լավատեղյակ են եղել այս վարույթի առկայության մասին եւ, բնականաբար, սովորական ընթացակարգով հնարավոր չէր լինի այդ գույքերի անվանափոխությունը, այսինքն՝ գնորդի կողմից սեփականության իրավունքի վկայական ստանալը, դրանով պայմանավորված արհեստական վեճ է ստեղծվել, և այդ արհեստական վեճը տարվել է դատարան, և դատարանով ստացվել է ակտ:
Դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց՝ դեռ պետք է պարզել՝ արդյոք Կարինե Մարգարյանը բարեխիղճ գնորդ է: Ներկայացվածը հաշվի առնելով` դատախազը խնդրեց նիստը հետաձգել հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու համար:
Գևորգ Քոչարյան - Կամ պահանջը ներկայացնել Կարինե Մարգարյանի դեմ՝ նշված գույքերի բնեղենով բռնագանձման, կամ՝ եթե այլ ապացույցներ կներկայացվեն վերջինիս կողմից, ուրեմն դրան համապատասխան փոփոխություն կատարենք և գումարային պահանջ ներկայացնենք արդեն մյուս պատասխանողի դեմ:
Միայն Նալբանդյան 98 շենքի 2 գույքի արժեքը 1.3 միլիոն դոլար է: Բացի այդ, դատախազությունը Օհանյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է Վահագնի թաղամասի առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ մոտ 1 մլրդ դրամ: Բացի այդ, դատախազությունը պահանջում է՝ որպես ապօրինի դրամական միջոց բռնագանձել ավելի քան 477 միլիոն դրամ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան