ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ «Մեծ յոթնյակի» երկրներն Ուկրաինային կաջակցեն այնքան, որքան անհրաժեշտ լինի, հայտնում է Reuters-ը: Այդ հայտարարությունը նա արել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Հռչակագրում նկարագրված պարտավորությունների շրջանակում:
Համատեղ հայտարարության համաձայն՝ «Մեծ յոթնյակի» անդամները պատրաստ են ժամանակակից ռազմական տեխնիկա մատակարարել ուկրաինական բանակին, նավատորմին և ռազմաօդային ուժերին, ուժեղացնել հետախուզական տվյալների փոխանակումը, ընդլայնել ուկրաինացի զինվորականների ուսուցումը և նրանց մասնակցությունը համատեղ զորավարժություններին, ինչպես նաև զարգացնել հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը:
«Մեծ յոթնյակի» երկրները Կիևին խոստանում են աջակցել նաև Ռուսաստանի հետ նոր հակամարտության դեպքում։
Փոխարենը Կիևը պարտավորվել է լայնածավալ ներքին բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ դատական համակարգում, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողություն սահմանել երկրի զինված ուժերի նկատմամբ։