Թուրքիան երես չի թեքել Ռուսաստանից, Անկարան կաջակցի պաշտոնական Մոսկվայի հետ «թափանցիկ բանակցություններին», գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակներում իր աղբյուրներին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ավելի վաղ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը, հիշեցրել է, որ կան տարաձայնություններ, բայց կա նաև հարաբերությունների այն հատվածը, որը համապատասխանում է երկու երկրի շահերին։ Մոսկվան մտադիր է զարգացնել երկխոսությունը:
«Այն կարծիքը, թե Թուրքիան երես է թեքել Ռուսաստանից և ամբողջությամբ թեքվել դեպի Արևմուտք, ճիշտ չէ: Թուրքիան կշարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել՝ որպես միջազգային և տարածաշրջանային տերություն: Այս համատեքստում Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Արևմուտքի և Եվրոպայի հետ՝ միաժամանակ պահպանելով «թափանցիկ բանակցությունները» ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- գրում է թերթը։
Երկուշաբթի Էրդողանը հայտարարեց, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։ Այդ հայտարարությունից հետո՝ նույն օրը, ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգն ասաց, որ նախագահ Թայիփ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» փաստաթղթեր ներկայացնել Թուրքիայի խորհրդարան՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը վավերացնելու համար: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Թուրքիային չեն ցանկանում տեսնել Եվրոպայում, և Անկարան չպետք է վարդագույն ակնոց կրի այս հարցում։