ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը: Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ագրեսիվ հարձակողական կառույց է և լուրջ վտանգ է ներկայացնում։
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու՝ «Մեծ յոթնյակի» հնարավոր որոշումը չափազանց սխալ ենք համարում։ Կիևին անվտանգության երաշխիք տալով՝ այդ երկրներն անտեսում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը և սպառնում Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է՝ իսկ եթե Արևմուտքն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, Ռուսաստանը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել։
Պեսկովը խոսել է նաև Պեկին-Մոսկվա շփումների մասին: Նա նշել է՝ հիմա ճիշտ ժամանակն է ռուս-չինական հարաբերություններն ավելի խորացնելու համար:
Ըստ Պեսկովի՝ «Արևմուտքի հայտարարությունները, թե Մոսկվայի և Պեկինի դաշինքը սպառնում է աշխարհի անվտանգությանը, ապացուցում են, որ նրանք չեն հասկանում ռուս-չինական հարաբերությունների էությունը»: