Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը մտահոգված է Ադրբեջանի Սոյուդլու գյուղում էկոլոգիական աղետի դեմ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությամբ ցրելու մասին հաղորդումներով։ Ըստ հարթակի՝ մտահոգիչ է նաև, որ տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն հայտնած ակտիվիստներն ու լրագրողներն անարդարացիորեն պատժվել են իշխանությունների կողմից: Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը կոչ է արել պաշտոնական Բաքվին ապահովել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ավելի վաղ Սոյուդլու գյուղի բնակիչները ցույցեր էին անցկացրել, բողոքել բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է ոսկու հանքավայրից քիմիական թափոնների հեռացման համար: Ակցիաների ընթացքում բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել ցուցարարներին, հայտնի է տուժածների և ձերբակալվածների մասին:
Տեղի ունեցածի ֆոնին Իլհամ Ալիևը մեղադրել է երկրի բնապահպանության նախարարությանը, նշել, թե կառույցի անփութության պատճառով օտարերկրյա ներդրողները թունավորել են Ադրբեջանի բնությունը։
Նա հայտարարել է, որ որոշ քաղաքացիներ էլ տրվել են սադրանքների և անօրինական գործողություններ իրականացրել: Ալիևը նաև մեղադրել է այն քաղաքացիներին, որոնք ցույցերի ժամանակ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել ոստիկանության գործողությունները գյուղում և ամբողջությամբ արդարացրել դրանք: