ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության՝ այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան՝ Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով և մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը:
Գործընկերներն արձանագրել են, որ այս հանդիպումը շարունակությունն է անկեղծ բարեկամության և հետևողական գործընկերային քաղաքականության: Նրանք գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերին: Ալեն Սիմոնյանը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:
Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաև խորհրդարանականների հետևողական աջակցությունը և Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման շուրջ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է, որ մշտապես Հայաստանի կողքին են և շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:
ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար` հավատացնելով, որ մեր երկրին և հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի և կենսական նշանակության փոփոխությունների է հանգեցնում: Նա գոհունակությամբ է խոսել Ֆրանսիայի բարեկամական մոտեցման և միջազգային տարբեր հարթակներում համագործակցության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում` տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին: