Կոտայքի մարզ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի՝ այս տարի սկսված հիմնանորոգման աշխատանքը: Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 463 մլն դրամ է: Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ։
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի 10 կմ հիմնանորոգումը մեկնարկել է 2022 թ., իրականացվել է աշխատանքի մոտ 80 %-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 290 մլն դրամ է: Արդեն կառուցվել է 8 կմ-ը, 2 կմ-ի շինարարությունն սկսվել է այս տարի: Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան հանրապետական նշանակության ճանապարհի 15,6 կմ հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2.3 մլրդ դրամ է:
Հիմնանորոգվում է նաև Աբովյան-Արզնի-Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհը: Անցած տարի մեկնարկած աշխատանքն ավարտական փուլում է: Ծրագրի ընդհանուր արժեքը 498 մլն դրամ է: Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Աբովյան քաղաքի մուտքի 1.4 կմ հատվածը, կառուցել մայթեր և ջրահեռացման համակարգ: Ճանապարհների վերակառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով:
Վարչապետի հաջորդ կանգառը Կաթնաղբյուրի հիմնական դպրոցն է, որի կառուցումն արդեն ավարտվում է, այստեղ 100 աշակերտ ընդունելու հնարավորություն կլինի: Ծրագրի ընդհանուր արժեքը 306.7 մլն դրամ է:
Ակունք համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է բնակավայրի համար ձեռք բերված տեխնիկական միջոցներին, որը ներառում է 2 աղբատար, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա, 1 վերամբարձ կռունկ և 160 աղբարկղ։
Ընդհանուր արժեքի 167,5 մլն դրամից պետական համաֆինանսավորումը 83,7 մլն է։
Գառնիում վարչապետն այցելել է 16,5 հեկտարի վրա նորագույն տեխնոլոգիաներով 2022-ին հիմնված ծիրանի և կեռասի ինտենսիվ այգիներ: «Գառնի ֆուդ» ընկերության և պետական աջակցության ծրագրով իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 154 մլն դրամ է: Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրին: Իրականացվել է աշխատանքի 95%-ը: Ծրագրի ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է: Նախատեսվում է ճանապարհների և մայթերի վերականգնում: Կիրականացվի նաև փողոցների երկշերտ ասֆալտապատում: Ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է: Կնորոգվեն նաև Ալեքյան և Մարզպետունի փողոցների 70 տնային տնտեսությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Կկառուցվի մեքենաների կայանատեղի, կտեղադրվի լուսավորության համակարգ: Նպատակն է նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանը Ողջաբերդում հանդիպել է սողանքային գոտու բնակիչներին, որոնց տրամադրվել են բնակարանների գնման վկայագրեր:
Ջրվեժում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Նախակրթարանի կառուցման համար ծախսվել է 707 մլն դրամ. պետբյուջեի համաֆինանսավորումը 347,27 մլն է։ Մանկապարտեզն օգոստոսից կընդունի 190 երեխայի:
Վարչապետը Կոտայքի մարզում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: