ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ, ԹԵՀՐԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին ամիսներին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ կողմերը բանակցություններ են վարում հաղորդակցությունների բացման ուղղությամբ, անդրադարձել նաև Լաչինի միջանցքը վերաբացելու՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին կոչերին:
«Իհարկե, պետք է լսել այս կոչերը, վերլուծել: Մենք դա անում ենք, համարժեք արձագանք ենք տալիս: Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կատարման իր տեսակետն ունի։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք՝ առաջնորդվելով ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահով»,- հավելել է Բայրամովը:
Նա խոսել է նաև Բաքու-Թեհրան հարաբերությունների մասին, հայտարարել՝ Իրանն Ադրբեջանի հարևանն է, և Բաքուն շահագրգռված է, որ Թեհրանի հետ շփումները դրական հունով ընթանան։ Բայրամովը նաև հավելել է՝ Բաքուն ցանկանում է, որ Իրանում ադրբեջանական դեսպանատան վրա հունվարին տեղի ունեցած հարձակման մեղավորները պատժվեն։
ՊՈՒՏԻՆԸ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎԳԵՆԻ ՊՐԻԳՈԺԻՆԻՆ
Պարզվում է Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին՝ Ռուսաստանում զինված ապստամբության փորձից 5 օր անց, Կրեմլում ընդունել է «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին և մասնավոր ռազմական ընկերության հրամանատարներին. այդ լուրը հաստատել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումը տևել է գրեթե երեք ժամ, ներկա է եղել 35 մարդ։ Ըստ Պեսկովի` Վագների հրամանատարներն այդ հանդիպմանը վստահեցրել են, որ պետության ղեկավարի հավատարիմ կողմնակիցներն են:
ՊԵՍԿՈՎԸ՝ ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պեսկովն անդրադարձել է նաև հուլիսի 8-ին Էրդողան-Զելենսկի բանակցություններից հետո Թուրքիայից Ուկրաինա «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձին:
Զինվորականներն անցած տարի ռուսական ուժերի կողմից Մարիուպոլի Ազովստալ գործարանի գրավումից հետո հայտնվել էին գերության մեջ, այնուհետև Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել Թուրքիա, որտեղ, ըստ Մոսկվայի հետ պայմանավորվածության, պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Անկարան և Մոսկվան երկխոսության մեջ են ամենաբարձր մակարդակով, և այդ շփումներում ռուսական կողմը կբացատրի և արդեն սկսել է բացատրել, որ թուրքական կողմի գործողությունները ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են:
«Հաշվի կառնենք տեղի ունեցածը, երբ տարբեր ոլորտներում նոր պայմանավորվածությունների մասին խոսք լինի», - զգուշացրել է Պեսկովը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻՏՎԱ
Ռեջեփ Էրդողանը հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ մեկնել է Լիտվա: Մինչև այդ նա ճեպազրույց է անցկացրել, անդրադարձել Շվեդիայի եվրատլանտյան հնարավոր ինտեգրմանը:
«Թուրքիան ավելի քան 50 տարի սպասում է ԵՄ դռան առաջ։ Կոչ եմ անում հարթել դեպի Միություն մեր ճանապարհը: Մենք էլ ճանապարհ կբացենք Շվեդիայի համար», - նշել է Էրդողանը, հավելել՝ պատրաստվում է դիմել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պատժամիջոցներ են կիրառում Թուրքիայի նկատմամբ, և կոչ անել հետ կանգնել այդ սխալ գործելաոճից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Էրդողանի հայտարարություններին: Ենս Ստոլտենբերգը նշել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է Եվրամիության անդամ դառնալու՝ Անկարայի ցանկությանը, սակայն դա չպետք է խանգարի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, քանի որ Ստոկհոլմը եվրաինտեգրման ճանապարհին կատարել է բոլոր պարտավորությունները:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՆԱՏՕ-Ի ԿԱԶՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնել են ընդունել Ուկրաինային Դաշինքի կազմում պարզեցված ընթացակարգով՝ առանց անդամակցության գործողությունների ծրագրի, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան՝ դա որակելով որպես երկար սպասված որոշում:
«Սա նաև լավագույն պահն է` հստակեցնելու Ուկրաինային անդամակցության հրավեր տրամադրելու հարցը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Կուլեբան։
Մինչ այդ ՆԱՏՕ-ի մի շարք ղեկավարներ հայտարարել են, որ միակարծիք են՝ Ուկրաինան պետք է լինի Դաշինքի կազմում, սակայն դա հնարավոր կլինի միայն պատերազմի ավարտից հետո:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶՈՐՔԸ ԿԱՆԽՈՒՄ Է ՌԴ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ. ՄԱԼՅԱՐ
Ուկրաինական զորքը վերահսկողություն է հաստատել Բախմուտի շուրջ հիմնական բարձունքների նկատմամբ և կրակով կանխում է ռուսական ուժերի տեղաշարժը, հայտարարել է ՊՆ փոխնախարար Աննա Մալյարը:
Ավելի վաղ ուկրաինական կողմը նաև հայտնել էր, որ Բախմուտի ուղղությամբ ազատագրել է 24 քառակուսի կիլոմետր տարածք: Քաղաքի ընդհանուր տարածքը շուրջ 42 քառակուսի կիլոմետր է:
ԲԱՅԴԵՆԸ ՍԿՍԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ջո Բայդենը սկսել է եվրոպական շրջագայությունը: Վաղը նա կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այսօր այցելել է Լոնդոն: Բայդենը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, այնուհետև թագավոր Չարլզ III-ի հետ: Լոնդոնյան հանդիպումների օրակարգում են եղել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա երկկողմ հարաբերությունները, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և զարգացումներն Ուկրաինայում։ Պաշտոնյաները քննարկել են Կիևին կասետային զինամթերք փոխանցելու Վաշինգտոնի որոշումը: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է՝ հավատարիմ են կասետային զինամթերքի մասին կոնվենցիային, որով արգելվում է դրա օգտագործումը, սակայն հասկանում են, որ Վաշինգտոնի համար դա բարդ և հարկադրված որոշում է եղել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ակնկալվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կմեկնի Ֆինլանդիա: