ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են երեք տարրից բաղկացած փաթեթ, որի նպատակը Ուկրաինային դաշինքի անդամակցությունը մոտեցնելն է՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Դա ներառում է Ուկրաինայի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում օգնությունը, Ուկրաինա-ՆԱՏՕ ձևաչափի ստեղծումը, որում Ուկրաինան դաշինքի անդամների հետ հավասար ձայն կունենա, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ընդունված ծրագրի չեղարկումը»,- տեղեկացրել է Ստոլտենբերգը Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո։
Նրա խոսքով՝ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա, երբ բոլոր դաշնակիցները հասնեն համաձայնության, և կատարվեն բոլոր պայմանները, սակայն այդ գործընթացն Ուկրաինայի համար կպարզեցվի։ «Երկփուլ գործընթացի փոխարեն դա կլինի միափուլ գործընթաց»,- հավելել է պաշտոնյան։
Ստոլտենբերգի խոսքով՝ գագաթնաժողովում համաձայնեցվել է նաև Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը, ինչպես նաև աջակցության բազմամյա ծրագիրը, որի նպատակն է Ուկրաինայի զինված ուժերին բերել ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ կառույցի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան դաշինքի անդամ չի դառնա մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտնել է, որ Վոլոդիմիր Զելենսկին չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ չնայած ավելի վաղ նախատեսված էր նրա ելույթը երկրների ղեկավարների հանդիպմանը։
Ժամանելով Վիլնյուս՝ Զելենսկին հայտարարել է, որ «անհեթեթ» կլինի, եթե ՆԱՏՕ-ի ղեկավարները չառաջարկեն Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցության ժամկետ։