Ազգային Ժողովից հայտնում են, որ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության և ջերմ ընդունելության համար:
ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձևավորվել է նաև Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ քաղաքական հեղինակության և անձնական ջանքերի շնորհիվ:
Կողմերն անդրադարձել են Սենատի նախաձեռնած և ընդունված ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնող, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բազմաթիվ բանաձևերի: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լարշեին և Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 խորհրդարանականներին հունիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» և այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչի համար:
Սենատի նախագահն ի պատասխան արձագանքել է, որ երբևէ սովորություն չի ունեցել ստորագրելու բաց նամակներ, սակայն մեր երկրին և արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:
Ֆրանսիացի գործըկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակից` անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով փաստացի շրջափակման մեջ գտնվող արցախահայերի իրավունքների իրացման անհնարինությանը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում սահմանամերձ գոտիները՝ հավելելով, որ ագրեսիայի սանձազերծման հարցում ապավինում ենք Ֆրանսիայի և միջազգային այլ գործընկերների աջակցությանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները վերահաստատել են տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը և այս ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի գործադրումը կարևոր գործոն է համատեղ ուժերով արդյունքի հասնելու համար:
Գործընկերները մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արևելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը: