ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Մեթյու Միլլերի խոսքով` Վաշինգտոնը նախկինի պես հավատում է, որ համաձայնագիրը հնարավոր է, և ակնկալում է առաջիկա ամիսներին տեսնել բանակցությունների շարունակությունը:
ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԵԾ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է մեծացնել զենքի և զինտեխնիկայի մատակարարումները Կիևին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կսկսի մատակարարել մեծ հեռահարության հրթիռներ՝ տարածքը պաշտպանելու համար։
«Այսօր կարևոր է Ուկրաինային աջակցելու, ՆԱՏՕ-ի միասնությունը ցույց տալու և այդ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու մեր վճռականության մասին ազդանշաններ ուղարկել»,- հավելել է Մակրոնը։
Նրա ելույթին անդրադարձել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Փարիզի այդ որոշումը սխալ է․ Մոսկվան կպատասխանի նման գործողություններին։
ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ 3 ՏԱՐՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ՓԱԹԵԹ
ՆԱՏՕ-ի անդամները համաձայնեցրել են երեք տարրերից բաղկացած փաթեթ, որի նպատակն Ուկրաինային դաշինքի անդամակցությունը մոտեցնելն է, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Դա ներառում է Ուկրաինայի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում օգնությունը, Ուկրաինա-ՆԱՏՕ ձևաչափի ստեղծումը, որում Ուկրաինան դաշինքի անդամների հետ հավասար ձայն կունենա, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ընդունված ծրագրի չեղարկումը», - տեղեկացրել է Ստոլտենբերգը Վիլնյուսում կայացած գագաթնաժողովից հետո։
Նրա խոսքով՝ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա, երբ բոլոր դաշնակիցները հասնեն համաձայնության, և կատարվեն բոլոր պայմանները, սակայն այդ գործընթացն Ուկրաինայի համար կպարզեցվի։
«Երկփուլ գործընթացի փոխարեն դա կլինի միափուլ գործընթաց»,- հավելել է պաշտոնյան։
Ստոլտենբերգի խոսքով՝ գագաթնաժողովում համաձայնեցվել է նաև Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը, ինչպես նաև աջակցության բազմամյա ծրագիրը, որի նպատակն է Ուկրաինայի զինված ուժերին բերել ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ կառույցի բոլոր անդամները համաձայն են, որ Ուկրաինան դաշինքի անդամ չի դառնա մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտել է, որ Վոլոդիմիր Զելենսկին չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ չնայած ավելի վաղ նախատեսված էր նրա ելույթը երկրների ղեկավարների հանդիպմանը։
Ժամանելով Վիլնյուս՝ Զելենսկին հայտարարել է, որ «անհեթեթ» կլինի, եթե ՆԱՏՕ-ի ղեկավարները չառաջարկեն Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցության ժամկետ։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՆԱՏՕ-Ի ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՆ Է. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալն է, դաշինքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինան Ֆրանսիայի հետ հուշագիր կստորագրի F-16 կործանիչներով օդաչուների ուսուցում սկսելու մասին։
«Ես եկել եմ իմ ֆրանսիացի գործընկերոջ՝ պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի հետ հուշագիր ստորագրելու F-16-ի օդաչուների ուսուցման վերաբերյալ», - ասել է Ռեզնիկովը։
ՌԴ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ Է. ԶԱԽԱՐՈՎԱ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` ամփոփելով Թուրքիայի նախագահի և Շվեդիայի վարչապետի հետ հանդիպումը:
«Ուրախ եմ հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ փոխանցել Ազգային մեծ ժողով և ապահովել վավերացումը: Սա պատմական քայլ է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դարձնում է առավել ուժեղ և անվտանգ»,- գրել է նա:
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու՝ Անկարայի համաձայնության արձագանքել է Մոսկվան:
«Ռուսաստանը երբեք չի մոռացել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ասել է, որ իրավիճակի վերաբերյալ Մոսկվայում դատողություն են անում` ըստ քայլերի և կատարում համապատասխան հետևություններ։