Երկարատև գնաճը փոխարինվեց գնանկմամբ: Վիճակագրական կոմիտեի տվյալով` այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գները նվազել են կես տոկոսով՝ հիմնականում պայմանավորված սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 5.5 տոկոսանոց գնանկմամբ, քանի որ մնացած հիմնական ուղղություններում՝ ալկոհոլային խմիչք և ծխախոտ, հագուստ և կոշիկ, ռեստորաններ և հյուրանոցներ, գները շարունակում են նախորդ տարվա մակարդակից բարձր մնալ:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Արտաքին ազդակները, որոնք նպաստում էին գնաճի աճող տեմպերին դեռևս անցած տարվանից, արդեն թուլացել են, իսկ նաև ներքին մեր տնտեսությունում բնականաբար ԿԲ-ի կողմից բավական զսպող դրամավարակային քաղաքականությունը տվեց իր արդյունքները, և գնաճը արդեն իսկ գտնվում է ԿԲ-ի սահմանած այդ գնաճի թիրախային տիրույթում:
Գների անկմանը նպաստած գործոններից են նաև նախորդ տարվա բարձր բազային էֆեկտը, դրամի արժևորումը և համաշխարհային շուկայում որոշ ապրանքների գծով գնանկումը, ընդգծում է տնտեսագետ Արմեն Քթոյանը, մեջբերում FAO-ի՝ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալները:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Այն 1 տարվա կտրվածքով 12 ամիսների ընթացքում 20 տոկոսը գերազանցող չափով նվազում է արձանագրել, ընդ որում` նմանատիպ նվազում եղել է թե՛ հացահատիկի, թե՛ ճարպերի, յուղերի դեպքում, շաքարավազի պարագայում, ըստ ՖԱՕ-ի գնահատականների, գները նվազել են 30 տոկոսով` 1 տարվա ընթացքում, և այս գործընթացը նաև իր արտացոլումն ունի հայաստանյան տնտեսությունում գնաճային ֆոնի վրա:
Արմեն Քթոյանն ընդգծում է՝ զբոսաշրջության ակտիվությամբ է պայմանավորված, որ հանրային սննդի և հյուրանոցների գները դեռևս բարձր են, սակայն դրա ազդեցությունը ընդհանուր գների վրա մեծ չէ:
Արմեն Քթոյան - Եթե այլ երկրների հետ համեմատենք, Հայաստանում գնաճային ֆոնը շատ ավելի մեղմ է, եթե մայիսի տվյալները համեմատենք այլ երկրների հետ, օրինակ՝ ԵԱՏՄ երկրներում միջին գնաճը գերազանցում է 4 տոկոսը` այն դեպքում, որ Հայաստանում 1.5 տոկոս էր կազմում, ինչն ավելի ցածր է, քան ԵՄ երկրներում, որտեղ գնաճի միջին մակարդակը գերազանցում է 7 տոկոսը:
Ըստ Կարեն Սարգսյանի` գների նվազման միտումը առաջիկայում դեռ կպահպանվի՝ հաշվի առնելով նաև սեզոնայնությամբ պայմանավորված գյուղմթերքի առատությունը: Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքներին.
Կարեն Սարգսյան - Համաշխարհային ապրանքային շուկաներում գնանկումներ նկատելի են և դեռևս պահպանվում են, սակայն չեն բացառվում որոշակի վայրիվերումներ` ինչպես, օրինակ, վառելիքի շուկայում է տեղի ունենում:
Արձագանքում են Հայաստանի գլխավոր դրամատնից՝ գների նվազում կանխատեսել էին:
ՀՀ կենտրոնական բանկ.
«Ըստ նույն սցենարի, որի հիմնական տնտեսական դատողությունները պահպանվում են` 2023 թվականի առաջիկա եռամսյակներում գնաճը կձևավորվի նպատակային ցուցանիշից զգալի ցածր մակարդակներում, և միայն 2024-ին կվերադառնա և կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ»:
Գների նվազումից կիջեցվի՞ արդյոք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ԿԲ-ն նշում է՝ կդիտարկեն տնտեսական զարգացումները և հնարավոր սցենարները, ու ըստ դրա` օգոստոսի 1-ին որոշում կկայացնեն:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան