«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները, այդ թվում` երթուղու սպասարկումն իրականացնելու համար փոխադրավարձի վերանայման պայմանները: Մարզերի միասնական երթուղային ցանցերի գործարկումից հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայել մրցույթով ներկայացված երթուղիների ուղեգծերը՝ հաշվի առնելով փաստացի ուղևորահոսքը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` քննարկման ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ըստ զեկուցողի՝ գործող օրենքով մրցույթային եղանակով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումից հետո երթուղիների փոփոխության դեպքում փոխադրավարձի սահմանման կարգավորումներ առկա չեն: Նախագծով առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության կամ նոր երթուղիների հաստատման դեպքում նախատեսել փոխադրավարձի սահմանման պահանջներ:
«Փոխադրավարձի հաստատման և վերանայման իրավասությունը վերապահվում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնին: Փոխադրավարձի վերանայման պահանջների հաստատումը վերապահվում է ՀՀ կառավարությանը»,- ընդգծել է Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարի խոսքով վերանայվում են նաև բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակին ներկայացվող պահանջները:
Արմեն Սիմոնյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Փոխնախարարը նշել է, որ վերոնշյալ վերջին փոփոխությունը պայմանավորված է համայնքների խոշորացմամբ:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվել է համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպմամբ: Ի պատասխան՝ Արմեն Սիմոնյանը նշել է, որ նախարարի հրամանով ամրագրվել է մրցույթների անցկացման ժամանակացույց:
Զեկուցողն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների հնչեցրած առաջարկների հիման վրա կհստակեցվեն որոշ ձևակերպումներ:
Կառավարության հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում: