Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի մուտքը Լաչինի միջանցք։ Այս անգամ Բաքուն միջազգային մարդասիրական կազմակերպությանը մեղադրել է մաքսանենգության համար։ Ըստ Ադրբեջանի սահմանապահ ծառայության՝ Կարմիր խաչին պատկանող մեքենաներում առկա ծխախոտն ու բջջային հեռախոսները մաքսանենգության դրսևորում են։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել։ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը «Լուրերին» հայտնել է, որ կառույցին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Լաչինի միջանցքով չարտոնված ապրանքների տեղափոխման հետ կապված մտահոգություններին և չի աջակցում նման որևէ գործունեության։ ԿԽՄԿ-ին պատկանող ոչ մի տրանսպորտային միջոցում չթույլատրված նյութեր չեն հայտնաբերվել։
Ցավում ենք, որ առանց մեր իմացության՝ վարձու չորս վարորդներ փորձել են իրենց ավտոմեքենաներով, որոնց վրա ժամանակավորապես պատկերված է եղել ԿԽՄԿ-ի տարբերանշանը, տեղափոխել որոշ կոմերցիոն ապրանքներ: Այդ անձինք ԿԽՄԿ աշխատակիցներ չեն եղել, և նրանց ծառայության պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից»,- նշված է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ։
Կազմակերպությունից հիշեցրել են, որ Լաչինի միջանցքի երկայնքով ԿԽՄԿ աշխատանքը կրում է բացառապես մարդասիրական բնույթ։
«Անհրաժեշտ է թույլ տալ շարունակել այս կարևոր աշխատանքը, որը հնարավորություն է տվել ավելի քան 600 հիվանդի տարհանել բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաև դեղորայք, սնունդ, մանկական սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար: Այդ աշխատանքը միշտ կատարվում է կողմերի համաձայնությամբ և դեպի լավն է փոխում հազարավոր մարդկանց կյանքը»,- ասված է հայտարարության մեջ։