«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 11-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ՝ հայտնում են ԱԺ-ից:
Աշխատանքային քննարկումը նախագահել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը. մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Գալստյանը, ոլորտի մասնագետներ, նախարարության ներկայացուցիչներ:
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այդ հավելյալ 83 մլրդ դրամ գումարը կուղղվի կրթության ոլորտին: Կիրականացվեն մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ դպրոցաշինության ծրագիրը, որի համար նախատեսվել է 62.5 մլրդ դրամ, ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է 47 մլրդ դրամով: Նրա հավաստմամբ խոսքը վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին. գումարը կուղղվի դպրոցների շինարարությանն ու գույքով ապահովմանը: Բոլոր հաստատությունների նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: 2024 թվականին «Ապահով դպրոց» ծրագրով 308 հաստատությունների նախագծային աշխատանքներ կկատարվեն: Ըստ նախարարի՝ հիմնովին կվերակառուցվի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին ու չափանիշներին:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կհասցնեն իրականացնել այդքան դպրոցների կառուցումը: Ի պատասխան նշվել է, որ այս տարի շահագործման կհանձնվի շուրջ 60 դպրոց, և ամեն ինչ կարվի, որ կյանքի կոչվեն նախատեսված ծրագրերը:
«Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ աշխատանքները կատարենք մինչև Կառավարության ծրագրի ավարտը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
Ըստ նրա՝ 30 մլրդ դրամով աճել է հանրակրթության ծրագրի ծավալը: Նշվել է նաև, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արտաքին աղբյուրների աջակցությամբ կստանան բնագիտական լաբորատորիաներ: Դպրոցական նոր դասագրքերի վերաբերյալ մրցույթն ամփոփման փուլում է: Արդեն հստակեցվել և նախատեսվել են ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլի ֆինանսական միջոցները: Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի կհամալրվեն թանգարանների հավաքածուները: Ըստ նախարարի՝ տարիներ շարունակ գումար չի հատկացվել, որպեսզի ձեռք բերվեն արվեստի նոր գործեր, մշակութային արժեքներ, այս հարցում բացակայել է պետական քաղաքականությունը: «Իսկ այժմ և այսուհետև այն կսկսի գործել»,- նշել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կսկսի գործել մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը:
Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է արհեստագործական ուսումնարանների ճակատագրով: Նախարարը փաստել է, որ ներկա դրությամբ գործում է 21 արհեստագործական ուսումնարան, բայց կան նաև քոլեջներ, որոնք կատարում են նույն գործառույթները: Իսկ ընդհանուր առմամբ գործում է շուրջ 100 պետական հաստատություն:
4.5 մլրդ դրամով աճել է կրթության որակի ապահովում ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ուսուցիչների ատեստավորման 5 հազար 200 հարյուր դիմում, սակայն դիմողների շուրջ 20 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը:
Կապիտալ ծախսեր են նախատեսվել նաև մշակույթի ոլորտում. եկող տարի կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման նախագծման, երկու թանգարանի հիմնանորոգման ու նախագծման աշխատանքներ, 17 թանգարան կապահովվի գույքով: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նաև երեք թատերահամերգային կազմակերպության նորոգման ու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվել, 8-ը թատերահամերգային կազմակերպություն նույնպես կապահովվի գույքով, որոնցից երեքը՝ երաժշտական գործիքներով: «20 գրադարանի գույքով համալրման աշխատանքներ են պլանավորվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ սպորտի ոլորտում կշարունակվեն երկու մարզական դպրոցի, մեկ համալիրի կառուցման աշխատանքները, 70 մարզական հաստատություն կապահովվի գույքով:
Նշվել է, որ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցի բացումը նախատեսված է այսօր՝ հուլիսի 11-ին, իսկ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը կգործի առաջիկայում: Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ այս տարի սպորտում արդեն ունենք 220 տարբեր հարգի մեդալ ստացած մարզիկ, ինչն աննախադեպ է:
Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են նաև տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր: