Քաղաքական մեծամասնությունը խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նախագիծը «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը զեկուցեց, ասաց՝ Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Պատգամավորը շեշտեց՝ Քաղաքացիական պայմանագիրը չի առաջադրելու հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Հովիկ Աղազարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում կայացած խորհրդի 46 նիստից մասնակցել է ընդամենը 8-ին: Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է նրան, որ հանձնաժողովը ԱԺ խորհրդի 46 նիստից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների շրջանակում բազմաթիվ որոշումների կայացմանը:
Ըստ Աղազարյանի Թավմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվությունը վիրավորող արտահայտությունների և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ բոյկոտում է նիստը՝ ներկայացված նախագիծն իշխող քաղաքական ուժի օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկը համարելով:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումներն ամբողջությամբ հիմնազուրկ են և անօրինական։ Արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով չկա որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցություն ունենան ԱԺ խորհրդի նիստերին։ Հետևաբար այն ձևակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականություններն ու խաթարել է ՄԻՊ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես հիմնազուրկ է։
Խորհրդարանական 2-րդ ուժի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության որոշումը՝ չեն մասնակցելու քննարկումներին, քանի որ ապօրինի են համարում: Մինասյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը փորձում է քանակական մեծամասնության ուժով իր համար ոչ ցանկալի ընդդիմադիրներին զրկել Սահմանադրությամբ երաշխավորված լծակներից։ Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը նոր թեկնածու չի առաջադրելու, և եթե անգամ իշխանությունն էլ չառաջադրի, միևնույն է, նախագահի լիազորություններն անցնելու են նրանց։ Կառավարող ուժի՝ նախագծում դրված հիմնավորումները նա աբսուրդ որակեց:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Երբ որ հանձնաժողովի նախագահի չմասնակցությունը խորհրդի նիստերին մեկնաբանվում է որպես հանձնաժողովի աշխատանքի տապալում, այլ բան է, որ ասեն՝ դա հանձնաժողովի նախագահի աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում, բայց սա չի կարող խաթարել հանձնաժողովի աշխատանքը: Նույն տրամաբանությամբ կարող են ասել, որ պատգամավորը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, քվեարկությանը չի մասնակցում ու խաթարում է ԱԺ բնականոն աշխատանքը:
Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը գործընթացներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել, պարզաբանել՝ նիստին չի մասնակցի, քանի որ մինչև հուլիսի 15-ը անաշխատունակ է, այլ մանրամասներ պատգամավորը չի ներկայացրել: Թովմասյանը հավաստիացրել է, որ խորհրդի նիստերին չմասնակցելը պայմանավորված է իր խմբակցության կողմից նիստերը բոյկոտելու որոշմամբ: Գրառմամբ նա իր լիազորությունների դադարեցումը Նիկոլ Փաշինյանի հրահանգ ու հաշվեհարդար է որակել, որ պատերազմից հետո հրաժարվել է Փաշինյանի թիմի մաս լինելուց: Թագուհի Թովմասյանը նաև պնդել է, որ խորհրդի նիստերին չմասնակցելով՝ հանձնաժողովի գործունեությունը չի տուժել և ամենատարբեր հարցումներով, ամենաակտիվ հանձնաժողովներից մեկն է կամ հենց առաջինը:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Միայն եթե թվերի լեզվով ներկայացնեմ, ապա կազմակերպել եմ 22 աշխատանքային քննարկում, հանձնաժողովի 13 նիստ, որից 11-ը՝ արտահերթ, 75 հանդիպում միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, որտեղ բարձրացրել եմ Արցախի Հանրապետության և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խախտված իրավունքները, մոտ 100 դատապարտող հայտարարություններ եմ արել ինչպես ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների, այնպես էլ Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված իրավախախտումների վերաբերյալ: Ինչպես նաև ներպետական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին: Մինչև 100 քաղաքացիների ընդունելություն եմ իրականացրել և՛ ԱԺ համապատասխան բաժնում, և՛ իմ աշխատասենյակում, և՛ մարզերում, 372 քաղաքացու նամակին պատասխանել:
Խորհրդարանական մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիրն» էլ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Ընդգծել՝ հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար պատրաստ են դիտարկել ընդդիմության առաջադրած այլ թեկնածուի:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - Այս որոշման ընդունմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ ունի հետագայում ընդդիմության կազմից ընտրելու հանձնաժողովի այնպիսի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ միաժամանակ մասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին։
Թագուհի Թավմասյանին գլխադասային հանձնաժողովի նախագահի լիազորությունից զրկեցին փակ գաղտնի քվեարկությամբ: Մասնակցեց միայն կառավարող ուժի 64 պատգամավոր, նրանցից 62-ը կողմ քվեարկեցին, մեկը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր:
Հեղինակ՝ Անի Օհանյան