68 տարեկանում լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը բացում է ֆուտբոլի՝ իր անունը կրող մարզադպրոցի դռները Երևանում: Արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և մարզաշխարհի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ մարզադպրոցը սպորտի մասսսայականացման լավ գործիք է, ուրախ է, որ արժեքներն ու դրանք ստեղծած մարդկանց չեն մոռանում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ ավելի լայն շրջանակի են պատկանում, պատկանում են երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է:
Մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսել են 2022 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Սա հետխորհրդային շրջանում ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է Հայաստանում:
Նիկոլ Փաշինյան - Շատ ուրախ եմ, որ և՛ խորհրդային շրջանում, և՛ խորհրդային շրջանից հետո այդ բարդ ճանապարհն անցնելով՝ եկել հասել ենք այս հանգրվանին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս դպրոցից ինչ ակնկալիքներ են ձևավորվելու, թե ի՞նչ ֆուտբոլիստներ պետք է դուրս գան։ Իհարկե, աստղային մտասևեռումն այդքան էլ լավ բան չէ, որովհետև, առաջին հերթին, կարևոր է, որ մեր երեխաները սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն ունենան։
Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Ունի արհեստական խոտածածկով խաղադաշտ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ: Այն նախատեսված է 250-300 երեխայի՝ ամենօրյա ռեժիմով մարզումների համար: Վարչապետի խոսքով՝ խորհրդանշական է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անունը կրող մարզադպրոցների բացումներ սպասվում են առաջիկայում:
Նիկոլ Փաշինյան - Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա։
Վարչապետը վերահաստատեց՝ Կառավարության առաջնահերթություններից է առողջ ապրելակերպի տարածումը, շեշտեց՝ որքան զանգվածային լինի սպորտը, այդքան ավելի շատ աստղեր կունենանք:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան